''Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքության դարավոր փառքն ու պատիվը առաջնային նկատելով` նախանձախնդիր ոգով հորդորում եմ ի սեր պոլսահայության, վերջ տալ կամակորություններին ու անձնական բարդույթներին և նախաձեռնել պատրիարքական ընտրությունները'',-կոչ է անում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Մինչդեռ Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքության տեղապահ Աթեշյանը արատավորում է ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան Կ.Պոլսո հայոց պատրիարքության, այլ բովանդակ Հայ Առաքելական Եկեղեցու ՛՛դարավոր փառքն ու պատիվը՛՛: Աթեշյանի ՛՛անձնական բարդույթը՛՛ սեփական անձի՝ թուրքական իշխանությունների կողմից խրախուսվող գերարժևորումն է, նրա արածն էլ կամակորություն չէ, այլ նույն իշխանությունների հետ համաձայնեցված գործողություններ: Սա պոլսահայության կողմից լիովին գիտակցված է, մնում է, որ գիտակցվի նաև Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր իշխանությունների կողմից: Կոչ անել Աթեշյանին՝ նույնն է, թե ընդունել Հայ Առաքելական Եկեղեցու գիտակցված գործողությունների անզորությունը: Կո՞չն է, որ պիտի ազդի Աթեշյանի վրա, թե՞ Հայ Առաքելական Եկեղեցու լիազորությունների գործադրումը: Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն իշխանությունները չեն կարողանում պատշաճ հարաբերություններ կարգավորել ոչ Երուսաղեմի, ոչ Պոլսո պատրիարքությունների հետ, և դրա պատճառները փնտրում են ոչ թե իրենց մեջ, այլ՝ Իսրայել և Թուրքիա երկրների իշխանությունների հետ բարդ հարաբերություններում գտնվող պատրարքարանների առաջնորդների մեջ: Ճիշտ չէ, որ ՛՛Համայն հայությունը ութ տարի շարունակ ծով համբերությամբ հետևում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կամակորություններին և անձնական ամբիցիաներով պայմանավորված խաղերին՛՛: Աթեշյանի նկատմամբ ՛՛ծով համբերություն՛՛ ցուցաբերել է պատրիարքի տեղապահի գործողությունների գլխավոր պատասխանատուն՝ Հայ Առաքելական Եկեղեցու իշխանությունը: Երբ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն ըմբոստանում էին Պոլսո պատրիարքի տեղապահ Աթեշյանի ազգադավ գործողությունների դեմ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր իշխանություններն ու առաջնորդները հորդորում էին ՛՛հասկանալ և ըմբռնումով մոտենալ՛՛ դրանց՝ հղելով Թուրքիայում գտնվող պատրարքարանի առանձնահատուկ վիճակին և դրանով ինքնին խրախուսելով Աթեշյանի ՛՛կամակորություններն ու անձնական խաղերը՛՛: Հիմա ինչ որ բա՞ն է փոխվել, այդ առանձնահատուկ վիճակը դադարե՞լ է առանձնահատուկ լինել:
Կից նյութը՝ այստեղ: