Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն անհրաժեշտ է. Էնֆիաջյանն ուղղորդված լինելու և քաղաքացիների պահանջի մասին

24 Հոկտեմբեր, 2016 00:53
Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն անհրաժեշտ է.  Էնֆիաջյանն ուղղորդված լինելու  և քաղաքացիների պահանջի մասին

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, մի շարք քաղաքացիներ շարժվել էին դեպի Գագիկ Ծառուկյանի առանձնատուն՝ պահանջելով վերջինիս վերադարձը ակտիվ քաղաքականություն: Երթի մասնակիցների ձեռքերում պաստառներ էին՝ «Վերադարձեք, պարոն Ծառուկյան» , «Մենք պահանջում ենք Ձեր վերադարձը» , «Երիտասարդությունն ունի Ծառուկյանի կարիքը» գրություններով: Ծառուկյանի տան մոտ հավաքվածների շարքում էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

 Shabat.am-ի հետ զրույցում Էնֆիաջյանը խոսելով հանարահավաքի պահանջից, նշեց. «Հավաքի իմաստը պաստառներից երևում էր: Դա Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձն է: Մարդիկ իրենց համոզմունքներով հավաքվել էին և ձևակերպում էին իրենց մտքերն այդ համատեքստում: Կազմակերպիչները, որպես այդպիսիք, մի քանիսն էին. այնտեղ ներկա էին ՀԿ-ի ներկայացուցիչներ, քաղաքացիներ՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից,  ինչպես նաև ԲՀԿ ներկայացուցիչներ» :

Տարածված այն լուրերին, թե Էնֆիաջյանին ուղղորդել էին ներկա գտնվել Ծառուկյանի տան մոտ՝ ԲՀԿ-ական պատգամավորն անվանեց անհեթեթություն. «Ես նման նախաձեռնության մասին բնականաբար տեղյակ եմ եղել, բայց ինքս խորհրդարանում նիստի էի: Հասկացա, որ ճիշտն կլինի, որ ես այդտեղ ներկա լինեմ և գնացել եմ, հայտնել եմ իմ կարծիքը ու լսել եմ նաև քաղաքացիներին»:

Մեր դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտություն կա՞, պատգամավորը պատասխանեց. «Ներքին համոզմունք և վստահություն ունեմ, և այդ համոզմունքը բազմահազար քաղաքացիներ ունեն: Ես անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Ծառուկյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն՝ ի նկատի ունենալով նրա մարդկային հատկանիշները, կազմակերպչական ունակությունները, երկար տարիների ընթացքում ամենատարբեր կառույցներում ծավալած գործունեությունը, քաղաքականության մեջ ունեցած հաջողությունները և ձեռքբերումները: Հայաստանի ներկայիս տնտեսական, քաղաքական վիճակի բարելավման գործին պետք է բոլորս լծված լինենք և Ծառուկյանն այս ամենենում պետք է իր մասնակցությունն ունենա և շատ խնդիրներ լուծի»:

Ծառուկյանի վերադարձով, ինչպես նշում է Էնֆիաջյանը, ակնկալվում են մի շարք փոփոխություններ՝ ներկուսակցականից սկսած դեպի ավելի գլոբալ հարցեր. «Ներկուսակցական արդյունավետության բարձրացմամբ սկսած և արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործընթացներով ավարտած: Քանի որ կոնկրետ քայլեր դեռևս չկան, ես զերծ կմնամ մանրամասների մեջ խորանալուց»:

Մեր այն հարցին, թե արդո՞ք Ծառուկյանը նման կոչերին ականջալուր կլինի և կորոշի վերադառնալ, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի, բայց քանի որ քաղաքացիները, կուսակիցները մեծ ցանկություն ունեն նրան տեսնել մեծ քաղաքականության մեջ, դրան երկրորդ կարծիք չկա, սակայն թե Ծառուկյանը ինչ կորոշի, չեմ կարող ասել»:

Մեր հարցին՝ տեսակետներ կան, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է հեռացնել կամ վերադարձնել Ծառուկյանին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա Ծառուկյանի անձնական որոշումն է»:

Անդրադառնալով 2017թ. խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ մասնակցությանը Էնֆիաջյանը նշում է. «Թե ինչ ձևով մենք կգնանք ընտրությունների, դա մեր ներքին մարտավարությունն է և թե ինչ փոփոխություներ կկարողանանք արձանագրել այդ ժամանակահատվածում, ապագան ցույց կտա: Մենք մեր ներքին ռազմավարությունը կորոշենք և կգնանք ընտրապայքարի: Բոլորն են գիտակցում, որ ԲՀԿ-ում այն քաղաքական ներուժը կա, որ գործունակ և մրցունակ է, ինչին փաստացի բոլորն ականտես եղան ՏԻՄ ընտրություններին: Առաջիկա քաղաքական այդ լուրջ փորձության ընթացքում վստահ եմ, որ մեր թիմը մեծ արդյունքներ կարող է արձանագրել»:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանն իր աշխատակիցների միջոցով խնդրել է մարդկանց չհավաքվել, նշել, որ նման կոչերով հանդես գալու կարիք չկա, քանի որ քաղաքականություն վերադառնալու հարցը կարող է որոշել միայն ինքը՝ Ծառուկյանը, որն անհրաժեշտության դեպքում կանդրադառնա իր վերադառնալու թեմային:

 

Անուշ Հարությունյան


 

Լրահոս

Դիտել ավելին