Կարևոր իրադարձություններ

Ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են մեքենան և դանակով ծակծել անվադողը. ՔԿ

27 Ապրիլ, 2024 20:10
 Ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են մեքենան և դանակով ծակծել անվադողը. ՔԿ

Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 27-ին Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Մասնավորապես, 2024թ․ ապրիլի 27-ին՝ ժամը 14:36-ին, հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծել ավտոմեքենայի անվադողը:

Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրա շրջանակներում զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։

Քննչական գործողություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։

Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը հայտնաբերել նշված անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին