«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները պարբերաբար մոնիթորինգային այցեր են իրականացնում Շիրակի մարզ, որտեղ 2022-2023 թվականներին անցկացվել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլը։
Շիրակի մարզում 40 շահառուներից 12-ը հաճախել են մասնագիտական վերապատրաստման, 22-ը մասնակցել են բիզես կառավարման դասընթացների։ 22 շահառուից 17-ը ներկայացրել են բիզնես պլան և ստացել ֆինանսավորում։
«Մեկ տարի անց եկել ենք մշտադիտարկման, որ հասկանանք, թե ի՞նչ հաջողությունների են հասել շահառուները, ի՞նչ մարտահրավերներ և խնդիրներ կան ու փորձենք համատեղ լուծումներ գտնել։ Մշտադիտարկման արդյունքում կարող ենք արձանագրել, որ 17-ից 12-ը, այսինքն 70 տոկոսը մեկ տարի հետո գրանցել են կայուն եկամուտ և բավական մեծ հաջողություններ ունեն իրենց գործունեության ոլորտում։ Մյուս 5 շահառուների մոտ որոշ անհաջողություններ են գրանցվել՝ հիմնականում եղանակային պայմաններից և անասունների շրջանում տարածված համաճարակից ելնելով»,- մշտադիտրակման արդյունքներն է ներկայացնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլի ղեկավար Զարինե Հարությունյանը։
Հաջողած բիզնես պատմությունների շարքում է Ախուրիկ գյուղից Ռաֆիկ Խաչատրյանի հիմնած լավաշի արտադրամասը։ Ռաֆիկը մասնակցել է մասնագիտական կողմնորոշման և բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներին, ապա բիզնես պլան ներկայացրել և «Իմ քայլը» հիմնադրամից ստացել լավաշ թխելու համար անհրաժեշտ մի քանի սարքավորում։ Մեկ տարվա ընթացքում բիզնեսն ընդլայնել է, հիմա ցանկանում է ավելացնել նաև թխվող արտադրատեսակների քանակը։
Գյումրիից Արմեն Բեբուրյանն էլ կահույքագործ է։ 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորվել է նոյեմբերի 4-ին՝ Շուշիի շրջակայքում։ Մինչև պատերազմը Արմենն աշխատում էր տարբեր կահույքի արտադրամասերում, սակայն սեփական արտադրամաս ունենալը միշտ եղել է Արմենի գլխավոր նպատակներից մեկը։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին մասնակցել, բիզնես պլան է ներկայացրել, տարբեր նշանակության 3 հաստոց ստացել հիմնադրամից ու սեփական արտադրամասն է հիմնել։
«Ծրագիրը շատ բան տվեց մեզ, առանց այս ներդրումների ես չէի կարողանա ապահովել նման որակ, արագություն ու չէի ունենա այս ծավալի պատվերներ։ Մյուս մարզերի մասնակիցներին խորհուրդ կտամ շատ լրջությամբ վերաբերվել ծրագրին, հաճախել բոլոր դասերին ու չմտածել, թե սա անցողիկ բան է։ Այդ պարագայում վստահաբար օգուտը տեսանելի կլինի»,- պատմում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլի շահառու Արմեն Բեբուրյանը։
Շիրակի մարզում ներկայացված բիզնես պլանների մեծամասնությունը վերաբերել է արտադրությանը։ Արթիկցի Լյովա Ասոյանը ևս արտադրություն է հիմնել։ Իր տան տարածքներից մեկը վերանորոգել և սառը սուրճի ու թեյի արտադրամաս է հիմնել։
«Պատերազմի մասնակիցների համար ծրագրին մասնակցեցի, բիզնես պլան ներկայացրի, հիմնադրամի կողմից ստացա դրամաշնորհ ու այս բիզնեսը հիմնեցի։ Սկսելու համար ձեռք եմ բերել սարքավորումները, հումքը։ Այս պահին զբաղվում եմ թե՛ արտադրությամբ, թե՛ վաճառքով ու առաքումով։ Միանշանակ խորհուրդ կտամ ծրագրին մասնակցել, փորձել ուժերը, բացահայտել իրենք իրենց»,- նշում է ծրագրի առաջին փուլի շահառու Լյովա Ասոյանը։
Շիրակի մարզում ծրագիրը հաջող իրականացնելուց հետո «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը շարունակել է Լոռու և Արմավիրի մարզերում։ Երկրորդ փուլը ևս ավարտվել է և այդ երկու մարզերում 27 շահառուներ ներկայացրել են բիզնես պլան ու ստացել ֆինանսավորում։ Հիմնադրամը ծրագրի 3-րդ փուլն իրականացնում է Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։