Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի, Սուրինամի նախագահ Չան Սանտոխիի, Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարո Սիսսոկո Էմբալոյի, Հայիթիի անցումային նախագահական խորհրդի նախագահ Էդգար Լեբլանկ Ֆիլսի և պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կլիմայի փոփոխությունների և կենսաբազմազանության կրճատման մարտահրավերներին դիմակայելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ հարցերին:
Մտքեր են փոխանակվել գլոբալ և տարածաշրջանային տարբեր հիմնահարցերի, անվտանգային, բնակլիմայական և այլ բնույթի իրողությունների, խնդիրների և վերջիններիս հաղթահարման նպատակով միասնական օրակարգերի ձևավորման հեռանկարների վերաբերյալ:
Համաժողովի մասնակից պատվիրակությունների բարձր ղեկավարներն ընդգծել են արդի փոփոխությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման, բնակլիմայական և մարդածին աղետների առկայության պայմաններում բնապահպանության խնդիրների շուրջ բոլոր երկրների ջանքերը մեկտեղելու անհրաժեշտության հրամայականը:
Անդրադարձ է կատարվել նաև արդի իրողությունների համատեքստում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության կայուն զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների և տեսական հիմնադրույթների մշակման սկզբունքներին: