Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարի համար սահմանված «պլանկան» իջեցվել է. ՔՊ-ն չի կարողանում Գրիգոր Մինասյանին փոխարինող գտնել. «Ժողովուրդ»

24 Հոկտեմբեր, 2024 08:13
 Արդարադատության նախարարի համար սահմանված «պլանկան» իջեցվել է. ՔՊ-ն չի կարողանում Գրիգոր Մինասյանին փոխարինող գտնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջ մեկ ամիս է չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։

Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ կուսակցությունը երկու անգամ վարչության նիստ է արել, տարբեր թեկնածուների քննարկել, բայց Նիկոլ Փաշինյանը բոլորին «մերժել ու տուն է ճանապարհել»։ Նա Գրիգոր Մինասյանին արժանի փոխարինողի է փնտրում, որը չկա ՔՊ կազմում: Վարչության՝ երեքշաբթի օրը կայացած նիստի ժամանակ, արդարադատության նախարարի 4 թեկնածուները ծավալուն ելույթներով են հանդես եկել։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով եւս ՔՊ կուսակցության անդամ է։ ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն է քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։ Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչու են նրան առաջարկել՝ որպես թեկնածու ներկայանալու:

Այսպիսով, ինչպես նախորդ նիստին վարչությունը Արփի Դավոյանին մերժեց, հիմա էլ Արմեն Խաչատրյանին է մերժել:

Նշենք, որ նախարարի հիմնական թեկնածուները՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանը, երկուսն էլ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության իրական հեղինակ Անդրանիկ Քոչարյանի թեկնածուներն են եղել, նրանց լոբբինգով կուսակցությունում հենց Քոչարյանն է զբաղվել, սակայն երկուսին էլ Նիկոլ Փաշինյանը մերժել է»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին