«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բազմաբևեռ աշխարհակարգի անցմանը զուգահեռ կարևորվում է Հարավային Ասիայի խոշոր դերակատարների՝ Հնդկաստանի ու Պակիստանի դերակատարությունը։ Ու այս երկու երկրների միջև տասնամյակներ տևող հակամարտությունը որոշակի աշխարհաքաղաքական պատկեր է ձևավորում։ Պակիստանը, ելնելով իր մեծաթիվ բնակչությունից ու աշխարհագրական դիրքից, խոշոր դերակատար է ընկալվում իսլամական աշխարհում, ու պատահական չէ, որ առաջին հերթին կրոնական հողի վրա է ձևավորվում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունն այդ երկրի հետ։ Ու մինչ Իսլամաբադն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունների իրականացման հարցում, Անկարայից ու Բաքվից էլ անընդհատ խոսում են Քաշմիրի հարցում Պակիստանի նպատակներին սատարելու մասին։
Դեռևս հայտնի չէ, թե սպառազինությունների մատակարարման ինչ պայմանագիր կարող է կնքվել դրա արդյունքում, սակայն պարզ է, որ Պակիստանը գումարի մեծ կարիք ունի, իսկ այդ հարցում կարող է նրան օգնել Ադրբեջանը, որը ահռելի գումարներ է ներդնում սպառազինությունների ձեռքբերման նպատակով։ Տնտեսական առումով Պակիստանը ճգնաժամային իրավիճակում է, ինչն անարդյունավետ կառավարման, իսլամական արմատականության տարածման ու ծաղկող կոռուպցիայի արդյունք է։ Ու դա է պատճառը, որ այդ երկրի վարչապետը խնդրում է Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին, որ գումարներ ներդնեն Պակիստանում, մյուս կողմից էլ՝ բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որ հերթական խոշոր վարկը տրամադրեն։ Պակիստանի համար տնտեսական առումով մեծ կարևորություն ունի նաև Չինաստանի հետ համագործակցությունը, և Պակիստանը, չնայած այդ երկրին ունեցած ահռելի պարտքերին, անընդհատ Չինաստանից նոր ներդրումներ է խնդրում՝ մանավանդ այն պայմաններում, երբ Արևմուտքը, հաշվի առնելով Պակիստանում չինական ազդեցությունը և ահաբեկչական սպառնալիքը, ձեռնպահ է մնում այդ երկրի հետ համագործակցությունից։
Բացի այդ, Պակիստանը լուրջ հակասություններ ունի ոչ միայն Հնդկաստանի, այլև Աֆղանստանի հետ, որը տարածքային հավակնություններ է ցուցաբերում Պակիստանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ փուշթունների մի մասը բնակվում է Պակիստանում։ Ու Իսլամաբադը մեղադրում է Աֆղանստանում իշխող թալիբներին, որ նրանք աջակցում են պակիստանյան թալիբանին, որն էլ ապակայունացնում է իրավիճակը։ Ու հակապակիստանյան ֆոնի վրա զարգանում են Նյու Դելիի ու Քաբուլի հարաբերությունները։ Բացի այդ, մինչ Պակիստանը խորացնում է համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Հնդկաստանը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Ու ռազմական տեսանկյունից Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի, որովհետև հասանելիություն ունի ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական տեխնոլոգիաներին։
Եվ ուշագրավ է, որ Հնդկաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հնդկաստանում ռուսական զենքի արտադրության վերաբերյալ։ Եթե դեպի Հայաստան արևմտյան զենքի մատակարարման պարագայում Մոսկվայից որոշակի անհանգստություն է հնչում, ապա Հնդկաստանի պարագայում պատերազմի ճնշման տակ ծանրաբեռնված Ռուսաստանի համար ձեռնտու կարող է լինել, որ Հայաստանում հայտնվի նաև Հնդկաստանում արտադրված ռուսական զենքը։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ։ Ռազմական բաղադրիչից բացի, կարելի է զարկ տալ նաև երկու երկրների տնտեսական համագործակցությանը։ Միջազգային հարթակում ևս հայ-հնդկական հարաբերությունները կարող են վճռորոշ լինել։ Թուրքիան ձգտում է անդամակցել ՇՀԿ-ին, Ադրբեջանը՝ ԲՐԻԿՍ-ին, իսկ Հնդկաստանն այս երկու միջազգային կազմակերպությունների անդամ է ու կարող է խոչընդոտել դրանց Թուրքիայի ու Ադրբեջանի անդամակցությանը»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: