«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են վերևում նշված պայմաններին, շուրջ 218 հազար են։
«Անհուսալի վարկեր» ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով՝ 2025 թ. փետրվարի 1-ից Հայաստանում կգործարկվի ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել «անհուսալի վարկ» ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ծրագիրը, որն իրականացվում է ԱՍՀ նախարարության կողմից և որի նպատակը «անհուսալի վարկեր» ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանումն է, գործարկվելու է փետրվարի 1-ից և ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե «անհուսալի վարկառու» դարձածներից քա՞նիսն աշխատանք ունի, և որքա՞ն գումար է հատկացվելու վարկեր ունեցող անձանց աջակցելու համար։
Նախարարությունից փոխանցում են, որ «անհուսալի վարկառուների» մինչև 20%-ն ունի ֆորմալ զբաղվածություն․ մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախագծի հիմքն այն է, որ ոչ թե պետությունն է բյուջեից գումար հատկացնում, այլ անձի աշխատավարձից է այն փոխանցվում․ «Բռնագանձվող գումարի չափը մինչ այս նախագիծը 50 տոկոս էր։ Այս որոշմամբ 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան։ Փետրվարից գործարկվող ծրագրին կարողանալու են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն։
«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը չի իրականացվելու մյուս հարկատուների հաշվին, այլ տվյալ անձն աշխատելու է և իր վարկի մարման աջակցության չափը կազմելու է իր իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով»,- փոխանցում են նախարարությունից։ Այսինքն՝ պետությունն այլ գումար չի ուղղելու անհուսալի վարկի մարմանը, այլ այն՝ ինչ որպես եկամտահարկ կգոյանա տվյալ անձի աշխատանքի դիմաց։ Ակնկալվում է, որ պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը մինչև 2026 թվականի հունվարի 31-ը կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել իր վարկային պարտավորությունները։
Թվում է, թե ծրագիրն իդեալական է, սակայն հարկ է նշել, որ եկամտահարկը, որը պետք է ավելացներ պետական բյուջեն, չի ավելացվի, այլ դրանով կմարվեն վարկեր։ Սա այն դեպքում է արվում, երբ Հայաստանի պետական բյուջեն խիստ դեֆիցիտով է կազմակերպված, իսկ դեֆիցիտը լրացնելու համար հարկային օրենսգիրք է փոխվում, հարկեր են ավելացվում։ Սա փաստում է ֆինանսական ոլորտի ոչ ճիշտ կազմակերպման մասին»:
Հոդվախն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։