«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է, եկամուտները չեն բավարարում, իսկ եկամուտներ ավելացնելու համար կառավարության կողմից ընտրված ագրեսիվ հարկման մարտավարությունը վատագույններից է տնտեսագիտության մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թվականի բյուջեի նախագծով պլանավորված է 2024-ի հաստատված բյուջեի համեմատ բյուջեի եկամուտների 5.5% աճ, այն դեպքում, երբ համաձայն հենց այդ նախագծի բյուջետային ուղերձի՝ 2024-ին սպասվում էր բյուջեի եկամուտների 4.8%-ով թերակատարում։
2024-ի հաստատված բյուջեի նկատմամբ 2025թ. հարկային եկամուտների և պետական տուրքերի ծրագրվող աճը 5.6% է, մինչդեռ ուղերձով սպասվում է, որ 2024 թվականի համեմատ դրանք 6.0%-ով թերակատարվելու են։
ԱԺ բյուջետային գրասենյակը հրապարակեց 2024 թվականի բյուջեի օպերատիվ կատարողականը․ ըստ այդմ՝ 2024 թ․-ին հավաքագրվել է 2.34 տրիլիոն դրամի հարկային եկամուտ և պետական տուրք, ինչը 222.7 մլրդ դրամով ավելի քիչ է, քան սկզբնապես հաստատվել էր օրենքով և 224 մլրդ դրամով քիչ է ճշտված պլանից։
Այս ֆոնին 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի հաստատված պլանը 2.72 տրիլիոն դրամ է՝ 16.2%-ով ավելի, քան այս տարվա փաստացի ցուցանիշն է։
Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2024 թվականի դեկտեմբերին կազմել են 2 տրիլիոն 390.9 միլիարդ դրամ կամ տարեկան ճշտված ցուցանիշը՝ 91.4%-ը։
Այս թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը 7.6%-ով կամ 169 մլրդ դրամով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 24. 1%-ով կամ 465 մլրդ դրամով։
Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը, քանի որ կանխատեսումները տիեզերական անսահմանության բացահայտման պես անհնարին են թվում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: