Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:
Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բազմաբովանդակ հոբելյանական միջոցառումններ են կազմակերպվել. «Հոբելյանական տարին անցավ բովանդակալից և հագեցած․ մեր նպատակն է փոխել հուշ երեկոների տրամաբանությունը՝ փարաջանովյան արվեստից ոգեշնչված՝ նոր միջոցառումների կազմակերպմամբ: Ստեղծվել է 3 նոր թատերական ներկայացում, որոնցից երկուսի հիման վրա հայ-ֆրանսիական համագործակցությամբ նկարահանվել են ֆիլմեր, նաև անցկացվել են ցուցադրություններ, գիտաժողովներ և այլն: Պետությունը ջանքեր չի խնայել առավելագույնս հանրահռչակելու Փարաջանովի արվեստը թե՛ ՀՀ ամբողջ տարածքում, թե՛ արտասահմանում: Մեզ համար կարևոր էր հասկանալ՝ ինչպես է այսօրվա քաղաքացին, երիտասարդը տեսնում և ընկալում մեր մեծերի թողած ժառանգությունը»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որը համակարգում է մշակութային ժառանգության ոլորտը, ևս բարձր է գնահատել թե՛ հոբելյանական տարին, թե՛ Փարաջանովի թանգարանի գործունեությունը՝ ընդհանրապես: «Փարաջանովի թանգարանը մեր ամենաակտիվ և այցելվող թանգարաններից է: Այն բաց է եղել նույնիսկ տոն օրերին: Հոբելյանական բոլոր միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով: Չենք սահմանափակվելու հոբելյանական տարով, և ծրագրերը կլինեն շարունակական»,-հայտնել է Ալֆրեդ Քոչարյանը: