Կարևոր իրադարձություններ

Սինգապուրում Հայաստանի հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

09 Հունվար, 2025 18:13
Սինգապուրում Հայաստանի հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին:

Ողջունելով հյուրին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է նրան Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Սինգապուր հետագա բարեկամական կապերի հաստատման և զարգացման:

Ընդգծելով երկու երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Սինգապուրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ կարևոր է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների և երիտասարդների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմամբ:

Մշակութային երկխոսության զարգացման համատեքստում կողմերը ընդգծել են նաև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցությունը՝ գեղարվեստական խմբերի փոխանակման, ցուցահանդեսների և մշակույթի օրերի կազմակերպման միջոցով: 

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտային քարտեզում իր տեղն ամրապնդելու համար: Այդ նպատակով Հայաստանում անցկացվում են մի շարք մարզական խոշոր միջոցառումներ, որոնց սինգապուրցի մարզիկների մասնակցությունը ևս խրախուսվում է: 

Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման և զարգացման նպատակով ջանքեր ներդնեու պատրաստակամություն հայտնել:

Չենգ Թիմ Ջինը, կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը, ընդգծել է հատկապես կրթության ոլորտում համագործակցության խորացումը ուսանողների, դասախոսների, գիտնականների կարճաժամկետ և երկարաժամկետ փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսն խոսել է նաև հայ համայնքի նշանակալի դերակատարության մասին՝ նշելով, որ այն եղել է տարածաշրջանում ամենահին քրիստոնեական համայնքներից մեկը: Անդրադարձ է կատարվել նաև Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուն, որը կառուցվել է 1835 թվականին և համարվում է Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին ու ներառված է նաև Սինգապուրի ազգային հուշարձանների ցանկում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Կարևորվել է նաև ԿԳՄՍՆ համակարգման ոլորտների շրջանակում երկկողմ հուշագրերի կնքումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին