Կարևոր իրադարձություններ

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

28 Ապրիլ, 2024 11:29
Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ:

Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։

Վթարի վայրում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելել է Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջել վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվել են նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։

Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր էր եղել։ Նրանց մի մասն առանց վնասվածքների էր ու հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։

Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր (որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր) և մեկ զոհի մարմին։

Մորթեզա Աբեդինը շնորհակալություն է հայտնել՝ իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար։

Ըստ Փրկարար ծառայության վերջին տվյալների՝ վթարի հետևանքով կա 5 զոհ և 9 տուժած:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին