Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեի բացահայտումները՝ Ադրբեջանի և հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին

11 Մայիս, 2024 15:44
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեի բացահայտումները՝ Ադրբեջանի և հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին

Մայիսի 10-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի խախտումներ՝ կապված Ադրբեջանի կողմից էթնիկ կամ ազգությամբ հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ, ինչը գնահատվել է որպես՝  «բոլորովին անընդունելի»։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Ադրբեջանը «ծանր քննադատության» է ենթարկվել արդարադատության միջազգային չափանիշներով ապօրինի գործողությունների համար՝ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը» նվիրված բաժնում, որտեղ ընդգծվել է մտահոգություն «միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի կոպիտ և լուրջ ոտնահարումների առնչությամբ, որոնք իրականացվեցին ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների և էթնիկ կամ ազգային հայկական ծագում ունեցող այլ պաշտպանված անձանց նկատմամբ»:

Հրապարակային հայտարարության մեջ ՄԱԿ-ի կոմիտեն նշել է, որ «անհանգստացած էր զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ազգային և էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանություններով, խոշտանգումներով և դաժան վերաբերմունքով, ինչպես նաև այս մեղադրանքների մասով հետաքննության և քրեական հետապնդման բացակայությամբ»:

Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել էթնիկ կամ ազգային ծագումով հայ 23 անձանց շարունակական կալանքի առնչությամբ և կոչ է արել «անկախ, անաչառ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն անցկացնել՝ լուրջ խախտումների մասին մեղադրանքների վերաբերյալ և կոչ արեց մասնակից պետությանը` պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Զեկույցում շեշտվել է, որ «միջազգային մարդասիրական իրավունքը կիրառվում է բոլոր միջազգային և ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ, որոնց մասնակցում է մասնակից պետությունը» և որ հետաքննություններն ու հետապնդումները ներառում են «հրամանատարության կամ վերադաս պատասխանատվության դիրքում գտնվող ցանկացած անձի գործողությունները, ովքեր գիտեին կամ պետք է իմանային, որ իրենց ենթակաները իրականացրել էին կամ կարող էին իրականացնել արտադատական մահապատիժներ, խոշտանգումներ կամ դրսևորել դաժան վերաբերմունք, կամ այլ պատերազմական հանցագործություններ, և ձախողեցին ձեռնարկել ողջամիտ և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ»:

ՄԱԿ-ի զեկույցում նաև մեթոդաբար անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կառավարության կողմից սեփական բնակչության նկատմամբ խախտումների լայն շրջանակին՝ ներառյալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների, ատելության հանցագործությունների, ատելության խոսքի և խտրականության, գենդերային հողի վրա հիմնված և ընտանեկան բռնությունների, մարմնական պատժի մեղադրանքներին, ի թիվս այլ մտահոգությունների:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ՄԱԿ-ի զեկույցը և հորդորում է միջազգային կառույցին հետևել նրա առաջարկություններին և ապահովել, որպեսզի Ադրբեջանում հարգվեն բոլոր մարդկանց իրավունքները, հատկապես՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը, պատերազմի ժամանակ գերևարված անձանց շարունակվող կալանավորումը՝ անկախ նրանց ազատ արձակման մասին Հայաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից և հայերի շարունակական կալանավորումն առանց որևէ այլ պատճառի, քան նրանց էթնիկ ինքնությունը»,– ասել են համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին