«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Գնահատման գործունեության մասին» օրենքում: Ներկայում օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է Կադաստրի կոմիտեի կողմից ստեղծվող որակավորման հանձնաժողովում ընդգրկվող մասնագետների շրջանակը, որում, ի թիվս կոմիտեի աշխատակիցների, ընդգրկվում են նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող՝ իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով, առնվազն մեկ տարի ժամկետով։
Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի։ Նախատեսվում է վերացնել վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը: Ներկայում կոմիտեն մշակում է համապատասխան նախագծերի փաթեթ, որոնց ընդունման արդյունքում կարգավորվելու են ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացների ընթացակարգն ու պայմանները, հստակեցվելու են վերջիններիս իրավական կարգավիճակը և գործառույթների շրջանակները։ Նախագծով առաջարկվում է նաև նվազեցնել ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար պահանջվող՝ կոմիտեում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի նվազագույն շեմը՝ դարձնելով այն տասը տոկոս»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: