Կարևոր իրադարձություններ

Business Insider. Աշխատածս առաջին գումարն առ այսօր պահում եմ. Մոսկովյան փողոցի ծաղիկներով շենքը. ինչպե՞ս և ո՞վ ստեղծեց Mon Amie ծաղկի սրահը (լուսանկարներ)

16 Հուլիս, 2016 16:54
Business Insider. Աշխատածս առաջին գումարն առ այսօր պահում եմ. Մոսկովյան փողոցի ծաղիկներով շենքը. ինչպե՞ս և ո՞վ ստեղծեց Mon Amie ծաղկի սրահը (լուսանկարներ)

Shabat.am լրատվական կայքի Business Insider նախագծի շրջանակներում բացահայտում ենք Երևանի սրտում գտնվող` «Մոն Ամի» ծաղկի սրահի ստեղծման պատմությունն ու առաջիկա անելիքները:

 

Մոսկովյան փողոցում գտնվող Մոն Ամի սրահի սեփականատերը բիզնես հիմնելուց բացի, գեղեցկացրել է նաև հարակից շենքի մի հատվածը: Shabat.am-ի զրուցակիցն է Կարեն Բարսեղյանը:

 
 

 -Պարո՛ն Բարսեղյան, ինչպե՞ս ստեղծեցիք «Մոն Ամի» ծաղկի սրահը:

- Մեկ տարի ապրեցի Ամերիկայում, բայց ոչինչ չստացվեց, որոշեցի վերադառնալ Հայաստան: Ընկերոջս հորաքույրն ու նրա ամուսինը խանութ ունեին, կինս խնդրեց, որ իրենց հետ որոշ ժամանակ աշխատի, քանի որ նա մինչ այդ ծաղկի խանութում էր աշխատել: Ինձ հարցրեցին՝ կցանկանա՞մ ծաղիկի գործ սկսել, ասացի, որ դրանից ընդհանրապես չեմ հասկանում, բայց փորձեցի: Հետո նրանց բիզեսը վարձով վերցրեցի և սկսեցի աշխատել: Մեկ տարվա ընթացքում մենք առիթ ունեցանք զբաղվել նախագահի երդման արարողության ծաղկային ձևավորմամբ: Առաջին մեծ արարողությունը եղավ իմ ծննդյան օրը՝ սեպտեմբերի 22-ին, երբ մենք մեծ հարսանիք ունեցանք Աշտարակի ձորում: 

  

 

-Ծաղկի սրահի անվանում ինչպե՞ս որոշեցիք, որևէ հետաքրքիր պատմություն ունի «Մոն Ամի»-ն:

-Մտածում էինք, թե ինչ անուն կարող ենք ընտրել և որոշեցինք սրահն անվանել՝ Mon Amie, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է իմ ընկեր:

 

 
 
 

-Հիշո՞ւմ եք այն առաջին ծաղկեփունջը, որը վաճառել եք:

 -Իհարկե հիշում եմ, դա ծաղկեփունջ չէր, այլ` սգո պսակ, որն արժեր 100 ԱՄՆ դոլար, այդ դոլարը ես առ այսօր պահում եմ:

 

 

 -Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Մոսկովյան փողոց:

-Մենք ծաղկի սրահին զուգահեռ առանձին վայրում տարածք էինք վարձակալում և բացում էինք ամանորյա խանութ, որտեղ վաճառվում էին տոնական զարդարանքներ: Հերթական անգամ, երբ Մոսկովյան փողոցում տարածք վարձակալեցինք՝ Ամանորի համար, որոշեցինք, որ պետք է Սարյան փողոցից տեղափոխվենք այստեղ: Ներքին հարդարման աշխատանքները կատարելուց հետո սկսեցինք արդեն աշխատել՝ Մոսկովյան փողոցում:

 

 
 

-Մոսկովյան փողոցի այս հատվածը ծաղիկներով զարդարելը ու՞մ գաղափարն է եղել, նման ձևավորումը որևէ ազդեցություն թողե՞լ է մարդկանց վրա:

- Ես միշտ աշխատում եմ անել այնպիսի մի բան, որը յուրահատուկ կլինի: Ինչ-որ հետաքրքիր բան էինք մտածում անել, որը կտարբերվի իր տեսակով ու նաև գովազդ կլինի, որոշեցինք շենքը ծաղիկներով զարդարել: Նախատեսում ենք ծաղկի սրահին կից՝ ծաղիկների մեջ սրճարան բացել, սպասենք, տեսնենք, թե աշխատանքերն ինչպես կընթանան: Ի դեպ, նշեմ, որ շատ երևանցիներ փողոցի այս հատվածն անվանում են ծաղիկներով շենք: 

 

 

 -Ինչպե՞ս հաջողություններ գրանցեցիք, դժվա՞ր էր գրավել հայաստանյան շուկան և պահել այն նշաձողը, որն այժմ ունի «Մոն Ամի» ծաղկի սրահը:

 - Ասում են՝ ամեն երեխա հաջողությունն իր հետը բերում է, քանի տարեկան փոքր տղաս է, այդքան ես այս բիզնեսում եմ, տղայիս և Մոն Ամիի ծնունդը գրեթե նույն ժամանակահատվածում է եղել: Մենք Մոն Ամիի մեծ ընտանիքն ենք, սա ընտանեկան բիզնես է: Մեր ընտանիքում 10-12 տարվա աշխատակիցներ կան:

 
 

-Ձեր կինն ի՞նչ մասնագիտություն ունի:

 -Կինս մանկավարժ է, սակայն մեր սրահում աշխատում է որպես դիզայներ: Նա 16 տարեկանից մեկ այլ ծաղկի սրահում աշխատել է, ամուսնությունից հետո արդեն մեր ընտանեկան բիզնեսում է: Նա հարսանեկան զամբյուղներ, տարոսիկներ է պատրաստում, մենք միասին անհնարինը դարձնում ենք հնարավոր:

-Ո՞րն  է այն կարևոր հատկանիշը, որը Ձեր աշխատակիցը պետք է ունենա:

-Աշխատակիցն իր էությամբ պետք է լինի  պարզ ու հասարակ մարդ: Այս սկզբունքով են ընտրվում մեր  աշխատակիցները, նրանցից ոմանք  12 տարի է ինչ մեզ հետ են: 

 

 

-Ի՞նչ եք կարծում, Ձեր կատարած աշխատանքը որքանո՞վ է արդյունավետ և օգտակար հասարակության, ինչպես նաև տնտեսության համար:

-Ես աշխատատեղեր եմ բացել և կարծում եմ, որ որևէ կերպ կարողացել եմ օգտակար լինել: Ես վարձատրում եմ մարդկանց, հարկեր եմ վճարում, կարծում եմ, որ այդ կերպ կարողացել եմ նպաստել տնտեսության զարգացմանը:

 

 

-Դատելով ծաղկի սրահից, կարելի՞ է մտածել, որ Ձեզ մոտ ծաղիկները բավականին թանկ են:

-Բնականաբար դրսում վաճառվող ծաղկի և մեզ մոտ առկա ծաղիկների գները տարբեր են, քանի որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքերով՝ մենք բացի կոմունալ վճարումներից, վճարում ենք նաև աշխատակիցներին, մեր դեպքում ծախսերը մի փոքր շատ են:

 

 

 -Ովքե՞ր են «Մոն Ամի» հաճախորդները:

 -Մեր հաճախորդների 60%-ը 10 տարի է, ինչ օգտվում են «Մոն Ամի»-ից:

-Այս տարիների ընթացքում որքա՞ն աճ եք գրանցել:

 - Անցյալ տարվա համեմատ 10% աճ կար, իսկ դրանից առաջ՝ 15%: Ծաղկի գործն այսպիսին է, մի տարի քիչ կլինեն հաճախորդները, հաջորդ տարի նրանց քանակը կավելանա:

 

 - Կյանքում գրանցած հաջողությունների համար ու՞մ եք շնորհակալ:

 -Իհարկե ծնողներիս, ընտանիքիս և ընկերներիս:

- Ձեզ հաջողակ մարդ համարու՞մ եք:

- Ես հաջողակ եմ իմ ընկերներով, ովքեր ինձ օգնում են, նրանք դժվարին պահերին միշտ իմ կողքին են եղել:

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին