Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարի հետ

29 Հոկտեմբեր, 2015 12:40
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարի հետ
Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ԱԳն լրատվական ծառայությունը:
 
Հանդիպմանը քննարկվեցին հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, երկուստեք ընդգծվեց տարբեր ոլորտներում՝ այդ թվում մշակութային, գիտակրթական, առևտրատնտեսական, ռազմաքաղաքական համագործակցության, միջխորհրդարանական կապերի և կայուն զարգացմանը նպաստող ծրագրերի բարձր մակարդակը:
 
Կարեն Նազարյանն անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների ու իրականացվող վտանգավոր սադրանքների մասին, ընդգծելով, որ Բաքվի ղեկավար պաշտոնյաները չեն դադարեցնում սպառնալիքների ու ատելության քարոզը, ինչը նպաստավոր պայմաններ չի ստեղծում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի համար:
 
Անդրեաս Պեշկեն հավաստիացրեց, որ 2016թ. Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության ընթացքում Բեռլինը կշարունակի սատարել համանախագահների միջնորդական ջանքերին՝ իր հերթին նույնպես կարևորելով վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը:
 
Կողմերը պայմանավորվեցին շարունակել արդյունավետորեն ընթացող քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը բազմակողմ ձևաչափերում և հարթակներում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին