Կարևոր իրադարձություններ

Բեռնատար ավտոմեքենաներով Էրդողանի գովազդ Վաշինգտոնի փողոցներում

01 Ապրիլ, 2016 20:22
Բեռնատար ավտոմեքենաներով Էրդողանի գովազդ Վաշինգտոնի փողոցներում

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն ժամանած իր առաջնորդին գովազդելու համար դիմել է խիստ ամոթալի միջոցի. Վաշինգտոնի փողոցներում նախագահ Թայիփ Էրդողանին գովազդել են շրջիկ բեռնատարները:

Այս մասին, ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սոզջու» թերթը:

Վաշինգտոնի փողոցներում շրջող բեռնատարների վրա թուրքերենով եւ անգլերենով Էրդողանին գովերգող հետեւյալ բովանդակությամբ արտահայտություններ են գրվել` «Մենք սիրում ենք նախագահ Էրդողանին», «Նախագահ Էրդողան շնորհակալություն Ձեզ` սիրիացի փախստականներին աջակցելու համար», «Ճշմարտություն + խաղաղություն = Էրդողան», իսկ էկրանին պարբերաբար ցուցադրվել է նաեւ Թուրքիայի դրոշը:

Թուրքական թերթի կայքի օգտատերերը Էրդողանին մեծարելու ԱԶԿ-ի այդ աննախադեպ գովազդային քայլը «մեծ ամոթ» են բնութագրել: Մի օգտատեր էլ գրել է. «Երանի դա ապրիլմեկյան կատակ լիներ, դրանց ամոթը դուրս է սահմաններից»:

Էրդողանի այդ արտասովոր գովազդը Վաշինգտոնում հայտնվել է համացանցում, որտեղ օգտատերերի մեծ մասն այն մեկնաբանել է` «անահավատալի է…» կերպ:

Էրդողանի վաշինգտոնյան այցի հետ կապված եւս մեկ ծիծաղելի միջադեպի մասին հայտնել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

Թերթը գրել է, որ Վաշինգտոնում Էրդողանի ծիծաղելի վիճակում հայտնված թիկնապահները ծաղրի առարկա են դարձել սոցցանցերում:

Վաշինգտոնում Էրդողանի այցի դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների հնչեցրած լոզունգների ձայները խլացնելու համար նրա թիկնապահներն իրենք եւս սկսել են անիմաստ ձայներ հնչեցնել:

Ցուցարարները Էրդողանի մնալու հյուրանոցի դիմաց «Ահաբեկիչ Էրդողան» բովանդակությամբ պաստառներ են պահել եւ լոզունգներ հնչեցրել:

Էրդողանի թիկնապահները ցուցարարներին սպառնացել են «Թուրքիա չգալ» եւ հայհոյանքներ ու վիրավորանքներ տեղացել նրանց: Էրդողանի այցի դեմ բողոքողների եւ նրա թիկնապահների ու կողմնակիցների միջեւ լարվածություն է առաջացել:

Բացի այդ, Էրդողանի թիկնազորը փորձել է լրագրողներին վռնդել Վաշինգտոնում նրա դասախոսությունից եւ կոնֆլիկտի մեջ մտել նրանց հետ:

The Financoial Times թերթը` հղում կատարելով ականտեսներին գրել է, որ Էրդողանի թիկնապահները հայհոյել եւ լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել նրա ելույթին: Վկաները հաստատել են, որ նրանք փորձել են դեռ դասախոսությունը չսկսված դահլիճից հեռացնել լրագրողներին: Գործին միջամտել են ինստիտուտի աշխատակիցները, որոնք լրագրողներին թույլ են տվել մասնակցել դասախոսությանը: Հաստատության ներկայացուցիչ Գեյլ Չալեֆն ասել է, որ չնայած թիկնապահների հետ վիճաբանությանը, իրենց գնահատականով, միջոցառմանը կարողացել են մասնակցել բոլոր հավատարմագրված լրագրողները:

Միեւնույն ժամանակ ինստիտուտի շենքի մուտքի մոտ հավաքվել են Էրդողանի կողմնակիցներն ու հակառակորդները: Ոստիկանությունը հարկադրված է եղել միջամտել, որպեսզի կանխի թուրքական նախագահի թիկնազորի հետ նրա քննադատների կոնֆլիկտը:

Բրուքինգի ինստիտուտում իր լույթում Էրդողանը քննադատության է ենթարկել սիրիական քրդերին ԱՄՆ-ի աջակցությունը:

Թուրքական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են, որ Էրդողանին Վաշինգտոնում որեւէ պաշտոնատար անձ չի դիմավորել:

 

Լրահոս

Դիտել ավելին