ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է իջել Սեւանա լճի մակարդակը: Պարզաբանման մեջ ասված է.
«Ի պատասխան վերջին օրերին մամուլում (սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակի իջեցման վերաբերյալ) տարածված մտահոգությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը հայտնում է, որ ս/թ սեպտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.34մ (2014թ. նույն օրվա 1900.29մ-ի համեմատ):
Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումը շարունակվել է մինչեւ ս/թ սեպտեմբերի 12-ը: Լճի մակարդակն այդ օրվա դրությամբ, ըստ ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած տվյալների` կազմել է 1900.30մ:
Շահագրգիռ գերատեսչությունների կողմից ստեղծված խումբը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին կապարակնքել է «Սեւան» ՀԷԿ ջրընդունիչի աջ եւ ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները եւ շարժաբերները), որից հետո Սեւանա լճից ոռոգման կամ այլ նպատակներով ջրի բաց թողնում չի իրականացվել:
Լճի մակարդակի եւս 6սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ եւ լճի մակերեւույթից գոլորշիացմամբ:
2015 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.24մ, ինչը 2014 թվականի հոկտեմբերի 21-ի (1900.17մ) համեմատությամբ ավելի է 7սմ-ով»: