Առատ ձյունը, Պուտին-Թրամփ սիրավեպը, մի երկու գրառում ու ասուլիս՝ ահա այսպիսին դարձրեցին Շաբաթի քննարկվածների այս թոփ 5-ը։
5. Ռուբեն Մխիթարյան Նա այնքան շռնդալից մտավ Գյումրու քաղաքապետի ընտրապայքարի մեջ, որ իշխանական քարոզչամեքենան մի քանի օր անդադար հիշեցրեց նրա կապը Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի հետ, ինչի արդյունքում նրա դիտումներն ու լայքերը կտրուկ անկում ապրեցին։ Նա էլ ստիպված հարցազրույց տվեց և, ընդունելով, որ Միքայել Մինասյանը իր ընկերն է, փորձեց իշխանական սև փիառը հակակշռել Դոգի հետ լավ հարաբերություններով։ Լեննականի երեք քուչեքում ճշտի դպրոց ավարտած գործիչը հայտարարեց, որ իր ընկերներին ամենավերջին հայհոյանքներ տվող Դոգի հետ` ինքը նույն դաշտում է։
4. Ռոբերտ Քոչարյան Նա այս հիթ-շքերթից դուրս արեց սեփական որդուն։ Հենց այն պահին, երբ ընդդիմադիր դաշտը Լևոն Քոչարյանի մեջ էր տեսնում իր նոր առաջնորդին, նա իր երկարատև ասուլիսով հայտարարեց, որ չի պատրաստվում լինել ո՛չ երիտասարդ, ո՛չ էլ տարեց թոշակառու։ Ճիշտ է, ասուլիսը հատկապես հիշվեց «տրուսիկ, քամակ, կլիզմա» նախագահական վեհ բառապաշարով, ինչպես նաև «Ագնես-Անի, Ագնես-Անի» աղջկական բազառի էլեմենտներով, բայց Քոչարյանի մեսիջը հետևյալն էր՝ «Պուտինը աշխարհում կրում է, ես Պուտինի ընկերն եմ, Պուտին չհավատաս, կոշիկները փոխող Նիկոլին, Պուտին, հիշի՝ ինչ լավ Հայաստանի ղեկավար եմ ես եղել Ռուսաստանի համար»։
3.Նիկոլ Փաշինյան Վարչապետական գերակտիվության ֆոնին առանձնացան երկու հիմնական դրվագներ, ռենջ-ռովերն ու սահմանադրական փոփոխությունները։ Փաշինյանը ուզում էր ներկայացնել իր բոլոր փիլիսոփայական մտքերի ժողովածուն, իսկ շատերը դա ընկալեցին Ալիևի պահանջով սահմանադրական փոփոխությունների մեկնարկ։ Մինչ այս թեման շահարկողները ուզում էին օր առաջ փրկել սահմանադրությունը Ալիևի ճիրաններից, Արդարադատության նախարարը ավետեց, որ արդեն 7 տարի գրվող նոր սահմանադրության տեքստը հազիվ թե 2026ին պատրաստ լինի և ուրեմն Ալիևից փրկելու բան էլ չկար այս հարցով:
2. Վլադիմիր Զելենսկի Թրամփը Զելենսկուն հայտարարեց դիկտատոր ու թալանչի։ Թրամփը Պուտինի հետ բարիշեց ու սկսեց ծաղրել ու վարկաբեկել Զելենսկուն։ Ողջ աշխարհը ծաղրում ու ողբում է՝ տեսնելով սեփական դաշնակցի կողմից այդպես դավաճանված Զելենսկուն։ Ամերիկյան այս քցոցիից հետո հայ ժողովուրդն իրեն այլևս հարիֆ չի համարում։ Այլևս մեզ ամոթ չէ, որ 30 տարի հույսներս դրեցինք Կրեմլի վրա ու չունենք Ղարաբաղ, իսկ ՀԱՊԿ-ն էլ չօգնեց, երբ հարձակվեցին Ջերմուկի վրա։ Ամոթ չէ նաև, որ միամտաբար հավատացինք ԵՄ-ին, ով ասաց՝ Ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու ամեն ինչ լավ կլինի։ Մենք ճանաչեցինք, իսկ Շառլ Միշելները քցեցին ու թռան։
1. Այս տարվա միակ առատ ձյունը Երևանի քաղաքապետին դարձրեց ամենաքննարկված մարդը Հայաստանում։ Երևանի փողոցները հեղեղված էին ձյան մեջ թաղված մեքենաներով, իսկ սոցցանցերը՝ այդ կադրերով ու Ավինյանի դեմ անվերջանալի մեղադրանքներով։ Հանուն արդարության պետք է նշել, որ Ավինյանը անձամբ չէր փակել բոլոր փողոցները, բայց նաև նույն արդարությամբ պետք է հիշել, որ Ավինյանը ժամանակին սոցցանցերով Տարոն Մարգարյանին էր մեղադրում ձյան պատճառով փակված փողոցների համար։ Կյանքն արդար է, իսկ ձնաբքերն էլ ամեն տարի գոնե մեկ անգամ Երևանի քաղաքապետերին դարձնում են ամենահիշված մարդը երկրում։