Կարևոր իրադարձություններ

Թրամփը հաստատել է՝ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ են ընթանում

09 Մարտ, 2025 13:56
Թրամփը հաստատել է՝ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ են ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր պահանջը, որ «Համասը» պետք է անհապաղ ազատի մնացած իսրայելցի պատանդներին։

ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հայտարարել է, որ նման քայլի պատրաստ է միայն տևական զինադադարի դիմաց և մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել պաղեստինյան «Համաս» խմբավորմանը՝ ազատ արձակել պատանդառված իսրայելցիներին, այլապես «դժոխային հատուցում է սպասվում»։

«Երեկ պատիվ ունեցա հանդիպել ազատ արձակված մարդկանց, և չեմ կարող հավատալ, թե որքան վատ են վերաբերվել նրանց»,- ասել է Թրամփը։

Հայտնի է, որ այս շաբաթ Թրամփի վարչակազմը Իսրայել է առաքել 4 միլիարդ դոլարի սպառազինություն՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ օգտագործելով նախագահական հատուկ լիազորությունները՝ շրջանցելու Կոնգրեսի թույլտվությունը, ինչը սովորական գործընթաց է զենքի նման առաքումների պարագայում:

«Համասի» խոսնակն արձագանքել է, որ պատանդներին ազատելու լավագույն ճանապարհը հրադադարի շուրջ բանակցություններն են:

Թեև Վաշինգտոնն ունի ահաբեկիչների հետ չբանակցելու վաղեմի քաղաքականություն, սակայն Թրամփը հաստատել է, որ իր գլխավորած վարչակազմն ուղղակի բանակցություններ է սկսել ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հետ՝ պատանդներին ազատելու նպատակով:

«Մենք օգնում ենք Իսրայելին այդ քննարկումներում, քանի որ խոսում ենք իսրայելցի պատանդների մասին: «Համասի» առնչությամբ ոչինչ չենք անում: Գումար չենք տալիս»,- ասել է Թրամփը։

Ըստ ամենայնի, Իսրայելի ու «Համասի» միջև առանձին բանակցություններ են ընթանում՝ Գազայում հրադադարի երկրորդ փուլի մեկնարկի շուրջ:

Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Միրեթ Մաբրուկն ասում է. «Մեծ մասի կարծիքով՝ հրադադարը չի պահպանվի, քանզի սպասելի է, որ վարչապետ [Բենիամին] Նեթանյահուն կվերսկսի հարվածները Գազային, և հենց դա տեղի ունենա, պատանդներին այլևս ազատ չեն արձակի»։

Այս ամենին զուգահեռ՝ արաբական երկրները հավանություն են տվել Գազայի ապագային միտված ծրագրին, ըստ որի «Համասը» պետք է հեռանա պաղեստինյան այդ հատվածի կառավարումից։ Այս ծրագիրը առաջ քաշվեց ի հակադրություն ԱՄՆ նախագահի առաջարկության, ըստ որի Գազայի բնակիչները պետք է տեղափոխվեն հարևան Եգիպտոս ու Հորդանան, իսկ շրջանն անցնելու է ԱՄՆ վերահսկողությանը։

Եթե Իսրայելը մերժել է արաբական երկրների ծրագիրը, ապա ԱՄՆ մերձավորարևելյան բանագնաց Սթիվ Վիտկոֆն այն անվանել է «բարի կամքով առաջին քայլ»։

Ինչևէ, այս ամենի ֆոնին հայտնի դարձավ, որ կիրակի օրվանից Իսրայելն արգելափակել է օգնության առաքումը Գազայի հատված՝ պնդելով, թե այն ուղղվում է «Համասին», ինչը միջազգային մարդասիրական գործակալությունները հերքում են:

Գազայում նկատվում է վառելիքի սուր պակաս, որը խնդրահարույց է դարձրել հանրային մի շարք ծառայություններ իրականացնելը։

 

Լրահոս

Դիտել ավելին