Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

01 Փետրվար, 2025 16:45
Կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

81 տարեկանում ծանր հիվանդությունից վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը:

Այս մասին հայտնել է Welt-ը՝ նշելով, որ Քյոլերը երկրի բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցրել է 2004-2010 թվականներին:

«Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, 81 տարեկան հասակում կարճատև, բայց ծանր հիվանդությունից հետո մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը»,- գրել է պարբերականը՝ վկայակոչելով դաշնային նախագահի գրասենյակը:

Քյոլերը պետության ղեկավար էր ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին և վերընտրվել էր 2009 թվականին: Հաջորդ տարվա մայիսին հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Բունդեսվերի արտասահմանյան առաքելությունները պաշտպանում են Գերմանիայի տնտեսական շահերը։

«Կարող ենք միայն խորապես երախտապարտ լինել, որ մեզ հաջողվեց Հորսթ Քյոլերին տեսնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 9-րդ դաշնային նախագահի կարգավիճակով: Նա շատ բան է տվել այս երկրին»,- նշել է Գերմանիայի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ նախկին նախագահի այրի Եվա Լուիզա Քյոլերին ուղղված ցավակցական նամակում:

 

Լրահոս

Դիտել ավելին