ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի տևողությունը։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:Այն հրապարակվել է e-draft հարթակում։
Գործող օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ` ոչ պակաս, քան հինգ ամիս ծառայելոց հետո։ Շարքային զինծառայողներին տրվում է 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր ժամկետով, ինչպես նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:
Շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է զինվորական ծառայության գրավչության, բարոյահոգեբանական մեխանիզմների բարձրացմանը։ Գործադիրում կարծում են, որ արձակուրդի ժամկետների ավելացումը՝ առանց կոչումային տարանջատման, կարող է դրական ազդեցություն ունենալ զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման վրա:
Միաժամանակ, սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների արձակուրդի ժամկետն ավելի երկար կլինի։ Այսպիսով, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով:
Արձակուրդային օրերը տրամադրվելու են երեք հավասար մասերով։ Հանվում են արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերը, փոխարենը երկու օրացուցային օր էլ լրացուցիչ արձակուրդ է տրամադրվում զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:
12-ամսյա պարտադիր զինծառայություն անցնող զինծառայողներին էլ նախատեսվում է տրամադրել միանվագ 10 օր արձակուրդ՝ ծառայության հինգերորդ ամսից հետո: