Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեության բարելավմանն ուղղված օրինագիծը

22 Հունվար, 2025 16:07
ԱԺ-ն ընդունեց տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի ընկերությունների գործունեության բարելավմանն ուղղված օրինագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 92 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 33:  

Օրենքներում կատարված փոփոխությունները և լրացումները ԱԺ հունվարի 21-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նշվել է, որ Նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացվել են թվով չորս առաջարկություններ, որոնք կրում են տեխնիկական բնույթ՝ հաշվի առնելով իրավական տեխնիկայի կանոնները: Առաջարկներում ներառված են նաև Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության առաջարկությունները:

Նախագծի նպատակն է՝ արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումը, լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերի կրճատումը, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար։ 

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ սրանով ստեղծվում է իրավական հիմք, այն ապրանքների մասով, որոնք վերաբերում են տեխնոլոգիական կամ ինժեներական ընկերություններին, տնտեսվարողներին հնարավորություն տալով  նվազեցնել առկա վարչարարական դժվարությունները, ինչպես նաև զգալիորեն թեթևացնել ֆինանսական բեռը։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցեի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրինագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, այն փոփոխությունների չի ենթարկվել և ընդունվել է միաձայն։

Ներկայացված օրինագծի շուրջ ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով օրենքում կատարված փոփոխությունների կարևորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին