Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում փոփոխություններ կկատարվեն. կփոխվեն քառատողերի տեղերը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ըստ նախագծի հիմնավորման՝ տարբեր միջազգային, պաշտոնական, մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ և ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:
«ԿԳՄՍ նախարարությունն օրենքի ընդունումից հետո կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները՝ և՛ կարճ տարբերակը, և՛ գործիքային, և՛ վոկալային տարբերակները: Դա կլինի ՀՀ պաշտոնական օրհներգը բացառապես բոլոր միջոցառումներում հնչեցնելու համար»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:
Առաջարկվել է սահմանել որոշ մարզական միջոցառումների ժամանակ հնչեցվող օրհներգի կարճ տարբերակը. փոփոխություն է կատարվում քառյակների տեղերի մեջ:
Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում այնպես, որ այն ավարտվի հետևյալ քառատողով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը շարադրվում է հետևյալ կերպ.
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Հարակից զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գործող օրենքով օրհներգը հնչեցնելու պահանջ կա հանրակրթական դպրոցներում ու բուհերում՝ որոշակի տրամաբանությամբ: Առաջարկվող փոփոխությամբ շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով նաև նախադպրոցական հաստատությունները, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունները:
Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: