«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջերս լուրջ խնդիր է դարձել կալանավորներին քրեակատարողական հիմնարկից դատարան ուղեկցելը։ Իրավասու մարմինները մեկ ծանրաբեռնված են, մեկ լուծարվում են, մեկ նոր ստեղծվում, մեկ վերակազմակերպվում, մեկ-մեկ էլ երևի «հավես չունեն»։
Դրա բացասական հետևանքը կրում է արդարադատությունը, որն անհարկի ձգձգվում է։
Եթե անձին պահում են կալանքի տակ, որպեսզի չտուժի արդարադատությունը, ապա ստեղծված իրավիճակում արդարադատությունը չի իրականանում միայն այն պատճառով, որ մեղադրյալը գտնվում է քրեակատարողական հիմնարկում։
Նմանատիպ գործերից մեկով պաշտպանյալս մեղադրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ ու նրան այսօր արդեն 5 րդ անգամ չներկայացրեցին դատարան։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ, վերոգրյալ հիմնավորմամբ, բավարարեց մեր միջնորդությունը ու պաշտպանյալիս նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով ու գրավով։
Այսպիսի որոշումներն են զարգացնում արդարադատությունը, իսկ պետական մարմիններին ստիպում աշխատել ավելի բարեխիղճ»: