ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հանրակրթության ոլորտում ոչ պետական հանրակրթական հաստատությունների գործունեությունը, խոսել մասնավոր դպրոցների եւ պետության համագործակցության, միմյանց նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների մասին:
ԱԺ փոխնախագահը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության կարեւոր հենասյուներից մատնանշել է հենց կրթությունը, եւ այս համատեքստում վկայակոչել պետության կողմից այս ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների հիմնանորոգման ու կառուցման առաջնահերթությունը:
«Սա վկայությունն է այն փաստի, որ մենք խորապես գիտակցում ենք, որ հենց այստեղից է սկսվում պետությունը եւ պետականությունը: Իհարկե, խոսքը միայն ենթակառուցվածքների մասին չէ, այլեւ մեծապես բովանդակության մասին է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Կրթության ոլորտում մասնավոր ներդրումներին նեցուկ լինելու եւ մասնավոր դպրոցներին աջակցելու առումով ԱԺ փոխնախագահը կարեւորել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությունը, որով մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին եւս դասագրքերը տրվում են անվճար հիմունքներով:
«Իմ կարծիքով մենք պետք է այդ քայլերը շարունակենք, իրար հետ անցնող ճանապարհը շատ հստակ ուրվագծենք եւ նեցուկ լինենք միմյանց այդ հարցերի լուծման գործում»,- համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանն ու անդրադարձել մասնավոր դպրոցների խնդիրներին:
ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաճախ ոչ պետական դպրոցները հանրության լայն շերտերի համար հասանելի չեն, ինչը կարող է հասարակության մեջ բաժանարար գծեր առաջացնել: «Այս ճեղքը ես համարում եմ բավականին վտանգավոր, քանի որ կարող են ստեղծվել էլիտար դպրոցներ: Իմ կարծիքով մասնավոր դպրոցների նկատմամբ վերաբերմունքը որպես էլիտար դպրոցներ վտանգ է ներկայացնում, եւ չի կարելի գնալ այդ ճանապարհով: Հասարակության խավերի միջեւ նման բաժանումներ չպետք է լինեն»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Նրա համոզմամբ պետք է մեծ տարբերություններ չլինեն հանրակրթության ոլորտում քաղաքացու ունեցած հնարավորությունների եւ պետության ընձեռած կրթական հնարավորությունների միջեւ: Նշվել է, որ այս թեմայով քննարկումները շարունակական բնույթ են կրում:
ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ թե՛ կրթության, թե՛ բովանդակության եւ թե՛ ֆինանսական տեսանկյունից մասնավոր ու պետական դպրոցների բաց ու թափանցիկ աշխատանքի կարեւորության մասին:
«Սա վստահության, այլ ոչ թե վերահսկողության համար է: Այդ վստահությունն է, որը մեզ պետք է մոտեցնի համատեղ աշխատանքն առավել որակյալ կատարելուն»,- փաստել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել այն անհատներին, որոնց մասնավոր եւ բարեգործական ներդրումների շնորհիվ են գործում մի շարք դպրոցներ:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ոլորտի պատասխանատուներ, 38 ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ:
Այնուհետեւ պանելային քննարկումների շրջանակում պետական կրթական քաղաքականության համատեքստում անդրադարձ է եղել ոչ պետական հանրակրթական հաստատությունների դերին ու առանձնահատկություններին, արդի մարտահրավերների համատեքստում էլ՝ կրթության նպատակներին: