Լոգոպեդի միջազգային օրվա շրջանակում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Խոսք և հաղորդակցում. գիտական և գործնական հորիզոններ» խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա շնորհավորել է գործընկերներին Լոգոպեդի միջազգային օրվա առիթով և անդրադարձել ոլորտի զարգացմանը՝ շեշտելով, որ կրթության քաղաքականության համատեքստում լոգոպեդի մասնագիտությունը կարևոր նշանակություն ունի:
«Մեր երկրում լոգոպեդական ծառայություն տրամադրվում է երեք ոլորտում՝ բժշկական, սոցիալական և կրթական, և մեր խնդիրն է, որ դրանք փոխլրացնեն իրար: Յուրաքանչյուր համակարգ ունի իր խնդիրները, որոնք լուծելու համար պետք է ընտրել աշխատանքի կազմակերպման ճիշտ ձև: Կրթության համակարգում խոսքային զարգացումը պետք է ուղղված լինի սոցիալականացմանը՝ շահառուի՝ ուսումնական գործընթացում առավելագույն ներգրավվածությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում առկա է մանկավարժահոգեբանական ծառայությունների ձևավորված և կայացած համակարգ, որը պետության շարունակական ուշադրության կենտրոնում է:
Նա առանձնակի շեշտել է Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ որակյալ մասնագետների թողարկման կարևորությունը՝ որպես առաջնային հիմնախնդիր նշելով ՀՀ դպրոցներում լոգոպեդի թափուր հաստիքների շարունակական առկայությունը. «Թեև այս մասնագիտությամբ ընդունելության արդյունքները համեմատաբար գոհացուցիչ են, սակայն հատկապես մարզերում բազմաթիվ թափուր հաստիքներ կան, ինչը նշանակում է, որ երեխաները չեն ստանում անհրաժեշտ ծառայություն: Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ՝ մեր առաջնային անելիքներից է մարզերում մասնագետների ապահովման և անհրաժեշտ ծառայությունների մատուցման խնդրի լուծումը»:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ մասնագիտական կարողությունների զարգացումը ևս ոլորտի քաղաքականության առաջնահերթություններից է: Նա իրազեկել է, որ առաջիկայում նախատեսվում է ներդնել մանկավարժահոգեբանական ծառայություններ տրամադրող մասնագետների ատեստավորման համակարգ, որը կներառի նաև խրախուսման մեխանիզմներ:
Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում կնախանշվեն ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ներկաներին ողջունել և Լոգոպեդի միջազգային օրվա առթիվ շնորհավորել է նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը: