Կարևոր իրադարձություններ

Նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար

14 Նոյեմբեր, 2024 18:00
Նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը:

Ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ հանրակրթության պետական նոր ​​չափորոշիչը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ այժմ արդեն ընթացքի մեջ է փուլային ներդրման գործընթացը հանրապետության բոլոր դպրոցներում: Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման խնդրին` նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությունը` առանձնացնելով «Թումո», COAF-ի SMART կենտրոններ, «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը:  Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև միջին մասնագիտական և արհեստագործական,  ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը:

 «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակության ղեկավար Գրանտ Կասոավանյետեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանը կազմակերպության կարևոր և ակտիվ անդամներից է: Գրանտ Կասոավանյետեն ընդգծել է՝ իրենց հիմնական նպատակն է ապահովել որակյալ կրթության հասանելիություն յուրաքանչյուրի համար՝ անկախ սոցիալական, տնտեսական կամ աշխարհագրական պայմաններից։ Հանդիպմանը կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը կրթական բարեփոխումների գործում։

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ոլորտային կարևոր ռազմավարական փաստաթղթերն ու նախագծերը քաղհասարակության հետ քննարկվում են՝ ապահովելով մասնակցային գործընթաց: ԿԳՄՍ նախարարին կից գործում են նաև հասարակական և աշակերտական խորհուրդներ, և պարբերաբար գումարվում են նիստեր՝ քննարկելու կարևոր օրենսդրական նախագծերն ու բարեփոխումները:

«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավը» կրթության ոլորտում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խոշորագույն կազմակերպություններից է, որին անդամակցում են բոլոր տարածաշրջանների շուրջ 120 երկրներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականից) և միջազգային կազմակերպություններ։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականին և համարվում է կրթության իրավունքների պաշտպանության ամենամեծ միջազգային ցանցերից մեկը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին