Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականին կոմիտեի գործունեությունը, կատարված բարեփոխումները և ներկայացրել նոր նախաձեռնությունները։
Կապիտալ շինարարական ծրագրեր
2024թ. Քաղաքաշինության կոմիտեն համակարգել է 115 շինարարական և 34 նախագծային ենթածրագրեր։ Իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ։
300 դպրոցի, 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում ավարտված է 195 մանկապարտեզ, ընթացքում են 136-ը, նախապատրաստական փուլում է 64 մանկապարտեզ՝ ընդհանուր՝ 395 մանկապարտեզ: Բացի այդ, 105 մանկապարտեզ այս պահին տեղորոշման, ուսումնասիրության աշխատանքների փուլում է: Դպրոցների դեպքում տեղորոշված են 315-ը, որից ավարտված են կամ մոտ օրերս կավարտվեն 46-ը, ընթացքում են 27-ը, 142-ի մասով կնքվել են նոր պայմանագրեր, որից 15-ը վերանորոգման աշխատանքներ են, իսկ նախապատրաստական փուլում են 100-ը, որից 40-ը գնման գործընթացում են։
Բնակարանային շինարարություն
2024թ. մեկնարկել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում բազմաբնակարան 15 շենքերի շինարարությունը՝ 308 բնակարան ներառող, որոնք կառուցվում են վթարային վիճակում գտնվող բազմաբնակարան փայտե 24 շենքերի փոխարեն։ Ավարտական փուլում է Սպիտակում վթարային փայտե հանրակացարանային 2 շենքի փոխարեն 4 մասնաշենքից բաղկացած, 36 բնակարանով բազմաբնակարան շենքի կառուցման ծրագիրը։
«Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում 2024-ին իրականացվել է «Նոր Երևան» և «Ավան թաուերս» բնակելի թաղամասերից բնակարանների վիճակահանություն։ Շահագործման են հանձնվել Ճառագայթ բնակելի թաղամասի՝ երկրորդ փուլում բաշխված բնակարանները։
Քաղաքաշինական ծրագրերի իրագործմանն ուղղված բարեփոխումներ
Բուն շինարարական ծրագրերի իրագործմանը զուգահեռ կոմիտեն ձեռնամուխ է եղել մրցութային ընթացակարգերից մինչև շինարարության ավարտական փուլ գործող կարգավորումների բարելավմանը և արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։
Ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք օբյեկտներում իրականացրել են ակնադիտական և գործիքային ուսումնասիրություն։ Շինարարության փուլում գտնվող օբյեկտներում վերհանվել են ընդհանրական խնդիրներ և մշակվել նախագծային կամ շինարարության կազմակերպման լուծումներ, որոնք տրամադրվել են բոլոր կապալառուներին՝ հաջորդիվ իրականացվող ծրագրերում կիրառելու համար։ Աշխատանքային խմբերը դիտարկում են նաև արդեն շահագործման հանձնված օբյեկտների վիճակը, զրուցում տնօրենների, աշակերտների հետ՝ գնահատելու ֆունկցիոնալությունը, հարմարավետությունը։
Ֆինանսների նախարարության գործընկերների հետ համագործակցությամբ բարելավվել են քաղաքաշինական ծրագրերի մրցութային ընթացակարգերը։
Նախագծերում ներառվել են օգտագործվող շինարարական և ներքին հարդարման նյութերի ու սարքավորումների հնարավորինս հստակ տեխնիկական բնութագրեր։ Դպրոցների և մանկապարտեզների կառուցման պետական ծրագրերը ժամանակին իրականացնելու համար շրջակա միջավայրի վրա ազդեցության և քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություններն իրականացվում են զուգահեռաբար։
Շինարարներին աջակցելու և ծրագրերը չդադարեցնելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանվել է նոր, իրատեսական ժամանակացույց, որի ընթացքում ծրագիրն ավարտելու դեպքում շինարարներն ազատվելու են մինչ այդ կուտակված տույժերից ու տուգանքներից։ Ժամկետը խախտելու դեպքում գանձվելու են կուտակված բոլոր տուգանքները։
Մշակվել և գործարկվել է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ։
Առաջիկայում ավարտվող օբյեկտների պիկին ընդառաջ բարելավվելու է ավարտական փաստաթղթերի ձևակերպման փուլը։ Հստակեցվելու են յուրաքանչյուր կառույցի գործառույթները և ձևակերպումների իրականացման ժամկետները։
Ոչ ավանդական տեխնոլոգիաներ
Նախատեսվում է ավանդական կոնստրուկցիաների փոխարեն նոր տեխնոլոգիաների՝ մոդուլային կառուցվածքների և պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով կառուցել 2 դպրոց ու 1 մանկապարտեզ։
Շինարարական և գիտատեխնիկական նորմավորում
Կառավարության ծրագրերի առաջնահերթությունները հաշվի առնելով՝ կոմիտեն պատվիրել է նորմատիվ 26 ակտերի մշակում, որոնք վերաբերել են շենքերի մատչելիությանը, տեղեկատվական մոդելավորմանը, նաև մարզական, առաջին բուժօգնության, լաբորատոր գործունեության համար նախատեսված շենքերի նախագծմանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքներին և այլն։ Բացի այդ մշակվել են մեթոդական ուղեցույցներ՝ շինարարական հրապարակի կազմակերպման և անվտանգության ապահովման, հանրակրթական օբյեկտների շենքերի շահագործման և սպասարկման վերաբերյալ։
Առաջիկա տարիներին կոմիտեն նախատեսում է սկզբունքորեն նոր հիմքերի վրա դնել նորմերի մշակման գործառույթը՝ ձեռք բերելով միջազգային՝ առավելապես եվրոպական և ամերիկյան քաղաքաշինական նորմերի ու ստանդարտների տեղայնացման համար մասնագիտական թարգմանություններ։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է ճանապարհաշինության ոլորտում ԵՄ ստանդարտների տեղայնացումը։
Մյուս ուղղությունը քաղաքաշինական գործունեության համար պետական աջակցության ծրագրի մշակումն է։ Ոլորտային լաբորատորիաները, նախագծողները, փորձաքննողներն ու մյուս դերակատարները հնարավորություն կստանան՝ վերազինվելու արդի սարքավորումներով, նորագույն տեխնոլոգիաներով, զարգացնելու մասնագիտական կարողությունները, ինչը կանդրադառնա քաղաքաշինական գործունեության որակի վրա։
Շինարարության գնագոյացում
Մշակվել է շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականություն։ Դեռևս 1984 թվականից կիրառվող ինդեքսային մեթոդից՝ տարրային նորմերից, անցում է կատարվելու գնագոյացման ռեսուրսային և ռեսուրսաինդեքսային մեթոդներին՝ հիմքում ընդունելով շուկայական արժեքները։
Արդեն մշակվել և հրապարակվել են «Շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերն ու դրանց կիրառման կարգը» և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները՝ վերջին տարիներին տարբեր պատվիրատուների մշակած նախագծերի ուսումնասիրության հիման վրա։
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարում
Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարման հետևանքների վերացման նպատակով կոմիտեում ձևավորված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են շենքերի և շինությունների տեխնիկական վիճակը, կատարել վնասված տարածքների վերանորոգման/հիմնանորոգման, նաև վնասված գույքի խոշորացված ծախսերի հաշվարկ։
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար օրինակելի նախագծերի մշակում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կոմիտեն պատվիրել և կայքում հրապարակել է լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված բնակելի տների կառուցման օրինակելի 18 նախագծեր՝ 8 արագ կառուցվող և 10 ավանդական կոնստրուկցիաներով։
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում
Հանրապետության տարածքի 95%-ն արդեն ապահովված է տարածական պլանավորման փաստաթղթերով: Հաստատման փուլում են Սյունիքի մարզի քաղաքաշինական ծրագրային 3 և Լոռու մարզի 4 փաստաթղթերը։ 947 բնակավայրեր արդեն ունեն հաստատված գլխավոր հատակագծեր, 25 բնակավայրերի համար մշակված գլխավոր հատակագծերը հաստատման փուլում են։
Կարևորագույն հաջորդ քայլը երկրի քաղաքաշինական փաստաթղթերի ամենաբարձր՝ երկրի մակարդակն ընդգրկող տարաբնակեցման գլխավոր նախագիծն է, որի առաջադրանքն արդեն մշակված է։
Անցկացվել է Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը։
Մշակվում է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը:
Քաղաքաշինական գործընթացների թվայնացում
Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացները տեղափոխվել են թվային հարթակ։ Օգոստոսի 1-ից ՀՀ 4 մարզերում (Կոտայք, Արարատ, Արմավիր, Լոռի) կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են urban.e-gov.am թվային հարթակում, 2025 թվականից` բոլոր մարզերում և Երևանում։ Հարթակին միացած են պետական, համայնքային և մատակարար կազմակերպությունները։ Ողջ ընթացքին կառուցապատող կազմակերպությունը կամ քաղաքացին կարող է հետևել համակարգով։
Քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցում, հստակեցում
Կոմիտեն ձեռնարկել է քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցմանը, ժամկետների կրճատմանն ու կրկնվող գործառույթների վերացմանն ուղղված ծավալուն աշխատանք, որը շարունակվելու է 2025թ.-ին։
Նախատեսվում է պարզեցված ընթացակարգ ներդնել մինչև 300մ2 մակերեսով անհատական բնակելի տների կառուցման դեպքում, ինչը լրացուցիչ խթան կլինի հատկապես մարզերում շինարարության ակտիվացման համար։
Լիցենզավորում և հավաստագրում՝ նոր սկզբունքով
Արմատապես փոխվել է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը և տեղափոխվել թվային հարթակ։ Նախկինում տրվող միատեսակ լիցենզիայի փոխարեն սահմանվել է 3 դաս՝ կախված քաղաքաշինական օբյեկտի և գործունեության բարդությունից։ Կազմակերպությունների պատասխանատու մասնագետների համար սահմանվել է հավաստագրման պահանջ։ Կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների մասին ողջ տեղեկատվության ամփոփմամբ իրականացվելու է վարկանիշավորում՝ ինքնաշխատ եղանակով։
Նոր ընթացակարգով դեկտեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 2461 լիցենզիա, 4205 ներդիր, 3163 հավաստագիր։ Խախտում կատարելու հիմքով կասեցվել է 12 լիցենզիա և 38 ներդիր:
Բնակարանային ֆոնդի ռենովացիա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգում
Մշակվում է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հայեցակարգ, որը թույլ կտա թարմացնել հանրապետության բնակարանային ֆոնդը` ստեղծելով անվտանգ քաղաքաշինական միջավայր, նաև ապահովել շինարարության ոլորտի շարունակական ակտիվություն։ Ռենովացիայի հիմնական սկզբունքներից պետք է լինի թաղամասային կառուցապատումը՝ կետային լուծումների փոխարեն։