Կարևոր իրադարձություններ

Անդրադարձ Չաբահար նավահանգստում ՀՀ ներկայացվածության հեռանկարին. Պապոյանն ընդունել է Շահվերդյանին

14 Հունվար, 2025 14:10
Անդրադարձ Չաբահար նավահանգստում ՀՀ ներկայացվածության հեռանկարին. Պապոյանն ընդունել է Շահվերդյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանք պահպանելու և խորացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել գործնական քայլերը առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու ուղղությամբ:

Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում փոխգործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում հատկապես կարևորվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական աջակցության գործիքակազմը և պատրաստակամություն հայտնել խրախուսելու ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրագործելու գործընթացը։

Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման և երկու պետությունների միջև զբոսաշրջային այցելությունների աճի խրախուսման նպատակով առաջարկվել է կազմակերպել երկու երկրների լրատվամիջոցների ճանաչողական այցեր։

Անդրադարձ է կատարվել նաև ԻԻՀ Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին։

 

Լրահոս

Դիտել ավելին