Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը

14 Հունվար, 2025 18:48
Մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի  ընդունումը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը: 

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում: 

Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:

Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում,  դասընթացների անցկացում և այլ գործունեություն։  

Ծրագրին դիմող մասնագետ-կամավորների ներգրավմանն առնչվող հարցերը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ մասնագետներին ընդունող պետական մարմինների հետ համագործակցությամբ:

ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Բարձրագույն կրթության առկայություն

Ծրագրով նախատեսված մասնագիտական գործունեության կոնկրետ բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ

Նշենք, որ հայերենի բավարար իմացությունը ցանկալի է։

2025 թվականին մասնագիտական աշխատանքի կատարման համար նախապատվություն է տրվում հետևյալ ուղղություններին․

Նախագծերի կառավարում

Թարգմանչական գործ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներ)

MS Office ծրագրերի կառավարում

Գրաֆիկ դիզայն

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ

Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 14-ից մարտի 1-ը ներառյալ: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց/առկա հարցազրույցների:

Ծրագրի պահանջներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (http://diaspora.gov.am/hy/programs/39 )։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին