Կարևոր իրադարձություններ

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ

14 Հունվար, 2025 15:12
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ

Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով:

Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:

Այս գործընկերությունը և գործարքն արտացոլում են ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկի հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացումը և առաջնորդելու ժամանակակից փոխակերպումները: 

Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս ներդրման շնորհիվ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր և էապես կնվազեցվեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները` մոտ 40,000 տոննա ածխաթթու գազին (CO2) համարժեք:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն ԱրտակՀանեսյանն ասաց. «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը»։

Նա ավելացրեց«Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։ 

IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում և նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում և կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով: Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը:

«Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում», - ասաց Մարսելո Կաստելյանոսը՝ Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավարը: «Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։

Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1.1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ և 21.6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR): Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով և այս պահին կազմում է շուկայի 25%-ը:

2009թ.-ից ի վեր բանկը միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին