ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն ամփոփել է իր քառամյա պաշտոնավարման ընթացքում արտաքին քաղաքականության ձեռքբերումները՝ ներկայացնելով՝ ինչպես է իր նախագահությունն ազդել երկրի անվտանգության և արտերկրում ԱՄՆ հարաբերությունների վրա:
Բայդենի կարծիքով իր վարչակազմի չորս տարիների ընթացքում Վաշինգտոնն ամրապնդել է դիրքերը համաշխարհային հարթակում, մինչդեռ հակառակորդները, ընդհակառակը, թուլացել են։
«Նոր մարտահրավերներ, անշուշտ, ի հայտ կգան գալիք ամիսներին և տարիներին, բայց նույնիսկ այդ դեպքում, ակնհայտ է, որ իմ վարչակազմը հեռանում է՝ հաջորդ վարչակազմին թողելով ավելի շատ ընկերներ, ավելի ամուր դաշինքներ ունեցող Ամերիկա:
Մեր հակառակորդներն ավելի թույլ են և ճնշման տակ: Ամերիկան, որը կրկին առաջնորդող է, միավորում է երկրները, սահմանում է օրակարգը, մյուսներին միավորում մեր ծրագրերի և առաքելությունների շուրջ: Միացյալ Նահանգները չորս տարի առաջվա համեմատությամբ հաղթում է համաշխարհային մրցույթում։ Ամերիկան ավելի ուժեղ է: Մեր դաշինքներն ավելի ուժեղ են, մեր հակառակորդներն ու մրցակիցները՝ ավելի թույլ», - ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Պետքարտուղարությունում:
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը շրջադարձային կետում է։
«Նոր դարաշրջան է սկսվել, և այս չորս տարիների ընթացքում մենք բախվել ենք ճգնաժամերի, փորձության ենք ենթարկվել, և այդ փորձություններից մենք, իմ կարծիքով, դուրս ենք եկել ավելի ուժեղ, քան նախկինում»,- հայտարարել է նա։
Բայդենը նաև ներկայացրել է իր տեսակետները արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ առաջիկա տարիներին հաջորդ վարչակազմի օրոք. արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայում. երաշխավորում, որ Բաշար Ասադի տապալումը չի հանգեցնի ԴԱԻՇ-ի վերածնմանը, Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու կանխում, Իսրայել-ՀԱՄԱՍ կոնֆլիկտի ավարտ: