Կարևոր իրադարձություններ

Այսօր լրանում է Բաքվում հայերի զանգվածային ջարդերի 35-րդ տարելիցը

13 Հունվար, 2025 19:57
Այսօր լրանում է Բաքվում հայերի զանգվածային ջարդերի 35-րդ տարելիցը

Այսօր լրանում է 1990 թվականի հունվարի 13-19-ը՝ Բաքվում տեղի ունեցած, հայերի զանգվածային ջարդերի 35-րդ տարելիցը։ 

1990 թվականի հունվարին՝ Բաքվում, իրականացվել է հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (Ժողճակատ) կուսակցությունն ու իշխանության մարմինները գործում էին համատեղ։

Հունվարի 13-ի Բաքվի բազմահազարանոց հանրահավաքից հետո՝ ցուցարարները, «Եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դու՛րս», «Մահ հայերին», հակահայկական կարգախոսներ վանկարկելով՝ ներխուժել են հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր։

Հարյուրավոր հայեր սպանվել են, վիրավորվել, ենթարկվել կտտանքների, բռնի տեղահանվել են կամ անհայտ կորել։

Այս իրադարձություններից հետո, Բաքուն՝ որտեղ մինչ այդ ապրում էր շուրջ 250 հազար հայ, ամբողջությամբ հայաթափվել է։

Ցավոք, այս հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները մինչ օրս չեն ենթարկվել պատասխանատվության։ Ավելին, էթնիկ զտումների և հայատյացության քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, ինչի վառ վկայությունն է Արցախի օկուպացված տարածքների լիակատար հայաթափումը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հիշեցնում է այս ողբերգական իրադարձությունների մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունները՝ կանխելու համար դրանց կրկնությունը։

Մանրամասն՝ այստեղ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին