«Հրապարակ» օրաթերթ գրում է.
«Բաքվում կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը (COP-29) թեպետ երեկ արդեն մեկնարկել է, սակայն պաշտոնական Երեւանը համառորեն չի հստակեցնում՝ համաժողովին մասնակցելու վերջնական որոշում կա՞, թե՞ չկա։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի եւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։
«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է ե՛ւ գնալ, ե՛ւ չգնալ: Դա կախված է ընթացիկ գործընթացներից»,- ասաց նա՝ շարունակելով․
«Կան մի շարք խնդիրներ, կարգավորման գործընթացի դինամիկայից է կախված, հստակ առանձին խնդիր չեմ կարող մատնանշել»։ Ապա հստակեցրեց, որ մասնակցության նախապայման խնդիրների թվում են խաղաղության պայմանագիրը եւ գերիների վերադարձի հարցը։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ են հայտարարել, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ միջոցառմանը միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնի Բաքվում պահվող գերիներին վերադարձնել կամ էլ առնվազն խաղաղության պայմանագիրը ստորագրի՝ չհամաձայնեցված կետերով»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։