Կարևոր իրադարձություններ

Գրետա Թունբերգն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

14 Նոյեմբեր, 2024 19:14
Գրետա Թունբերգն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)
Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
 
Նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև, հայտնում են թանգարան-ինստիտուտից։
 
Գրետա Թունբերգը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
 
Էդիտա Գզոյանը հյուրին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գրետա Թունբերգը մեծ հետաքրքրությամբ լսեց հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին:
 
Բնապահպան ակտիվիստը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց թանգարանի մատյանում:
 
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրերին նվիրել է Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնահարցի մասին գրքեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին