Կարևոր իրադարձություններ

100 հայ նկարչի ստեղծագործություններ՝ նվիրված Ազնավուրի «Լա Բոհեմ» երգին (լուսանկարներ)

11 Նոյեմբեր, 2024 21:42
100 հայ նկարչի ստեղծագործություններ՝ նվիրված Ազնավուրի «Լա Բոհեմ» երգին (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» («Լա Բոհեմ») ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված են 100 հայ նկարչի 100 ստեղծագործություններ` նվիրված Ազնավուրի «Լա Բոհեմ» երգին և հատուկ վրձնված այս նախագծի համար։

Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ հոբելյանական տարվա ամենակարևոր անելիքներից մեկը մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի հոբելյանի պատշաճ և ըստ արժանվույն նշանավորումն է։

«Հոբելյանական միջոցառումների ծրագրում պատահական չէ, որ ընտրվել է հենց այս՝ «Լա բոհեմ» նախագիծը. հատկապես կարևորել ենք մեծանուն արվեստագետներին տարբեր դիտանկյուններից մոտենալու ու բացահայտելու հանգամանքը: Նախագծի գաղափարն ինքնին հետաքրքիր է․ տարբեր նկարիչների կողմից «Լա բոհեմ» սիրված ստեղծագործության պատկերումը հնարավորություն է՝ բացահայտելու Ազնավուրի արվեստը ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներով»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով մասնակից նկարիչներին և Նկարիչների միությանը՝ պետական ծրագրերի շրջանակում համատեղ աշխատանքի համար։

Նախարարը նաև տեղեկացրել է՝ ԿԳՄՍՆ կողմից մշակվում է «Մշակութային աճուրդների մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը ժամանակակից արվեստագետների համար գործունեության ինստիտուցիոնալ մեխանիզմի ձևավորումն է․ «Ժամանակակից արվեստագետների համար քաղաքակիրթ միջավայրում լսարան գտնելու, աշխատանքների ցուցադրության և վաճառքի հնարավորության ստեղծումը առաջնային խնդիր ենք համարում: Օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախարարությունը համագործակցել է Նկարիչների միության հետ՝ որպես մասնագիտկան գործունեության առանցքային դերակատարի»:

Ներկաներին ողջունել է նաև Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ ընդգծելով, որ մեծ պատիվ և պատասխանատվություն էր ցուցահանդեսի կազմակերպումը, որը համատեղ աշխատանքի արդյունք է:

100 նկարիչներից մեկի՝ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) «Լա Բոհեմ» նկարում բնության մի մասնիկ էր, որը նկարիչը ներկայացրել է հետաքրքիր մեկնաբանությամբ. «Մարդու ապրելակերպի գերագույն պահը, հրճվանքը, գագաթնակետը բոհեմային պահն է: Ես որոշեցի, որ այն կարելի է ստեղծել բնության միջոցով, որովհետև միակ ճշմարտությունը բնությունն է, որին ո՛չ կարող ես թելադրել, ո՛չ պարտադրել. ընդամենը պետք է բարի լինես լսելու, ընկալելու և ապրելու նրանում ճշմարտացի ձևով: Իսկ Ազնավուրի հանճարը ապրել է բոհեմային ճշմարտությամբ. նա իր կյանքը ծաղկունքի նման ապրեց»:

Ցուցահանդեսի շրջանակում տպագրվել է նաև «La Bohème» կատալոգը, որը ներառում է ներկայացված 100 նկարները:

Ցուցահանդեսի համադրողն արվեստաբան Մարգարիտա Խաչատրյանն է:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը: Մուտքն ազատ է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին