Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը

01 Հոկտեմբեր, 2024 13:55
Մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը

Սեպտեմբերի 30-ին Երևանում մեկնարկել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը` տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառումներից մեկը։

Միջոցառմանը մասնակցել են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրներից ավելի քան 40 բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներ։

Պաշտոնական բացման արարողությունը մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորայի ելույթներով։ Բանախոսներն ընդգծել են համագործակցության և ընդհանուր նպատակների կարևորությունը գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Կլիմայական մարտահրավերների դիմակայում. Ռիսկերի փոխակերպումը հնարավորությունների՝ հանուն կայուն ներդրումների և ապագայի» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում քննարկվել են կայուն զարգացման ռազմավարությունները, կանաչ տեխնոլոգիաների նորարարությունը և կայուն աճի խթանման գործում պետական ու մասնավոր հատվածների դերը: Հիմնական թեմաները ներառում էին վերականգնվող էներգիան, հարմարվողականության ռազմավարությունները և ֆինանսական մեխանիզմները:

Միջոցառման մասնակիցներն այցելել են Հայաստանի մի քանի առաջատար նորարարական և կրթական հաստատություններ` ՀԱՀ-ի Ձեռներեցության և արտադրանքի նորարարության կենտրոն (EPIC), «Մատենա» միջազգային դպրոց, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և «Պիկսարտ»։

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը մասնակիցները կշարունակեն ուսումնասիրել նորարարության և կայունության համար կենսական նշանակություն ունեցող թեմաները՝ նոր կամուրջներ կառուցելով Հայաստանի և Ամերիկյան մայրցամաքի միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին