Կարևոր իրադարձություններ

Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի կապակցությամբ. Վահագն Խաչատուրյան

05 Հուլիս, 2024 10:28
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի կապակցությամբ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
 
Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը:
 
Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին:
 
Մեր Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը, որովհետև այն նորմերի կամ սահմանումների, ձևակերպումների և հայտարարությունների համահավաք փաստաթուղթ չէ, այլ պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերությունների ներդաշնակության և համակեցության գրված ու չգրված կանոնները երաշխավորող Մայր օրենք:
 
Միևնույն ժամանակ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը:
 
Այս առումով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, և մասնավորապես պետական պաշտոնյաներն իրենց գործունեության մեջ պետք է ելակետ ունենան հենց սահմանադրականության գաղափարը, որը հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, որպես ուղեցույց՝ մեր իղձերի ու երազանքների Հայաստանը կերտելու ճանապարհին:
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում տոկունություն և ամրություն, Հայաստանի Հանրապետությանը զարգացում, հզորություն և բարգավաճում»:
 

Լրահոս

Դիտել ավելին