Կարևոր իրադարձություններ

Android սարքերի վրա գրոհների քանակը կրկնապատկվել է

26 Հունիս, 2024 10:26
Android սարքերի վրա գրոհների քանակը կրկնապատկվել է

«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի առաջին եռամսյակում աշխարհում կանխել է Android սարքերի վրա վնասաբեր, գովազդային կամ անցանկալի բջջային ծրագրերի օգտագործմամբ 10,1 միլիոն գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է մոտ 4,95 միլիոն նման գրոհ։

Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին բջջային սարքերի համար ամենատարածված սպառնալիքը դարձել է գովազդային ԾԱ-ն (AdWare)՝ հայտնաբերված սպառնալիքների ընդհանուր թվի 46 տոկոսը: Հայտնաբերվել է ավելի քան 389 հազար վնասաբեր տեղադրման փաթեթ, որոնցից 11 729 փաթեթը բջջային բանկային տրոյացիներ էին, իսկ 1990-ը՝ շորթող տրյացիներ: Իսկ 2023-ի նույն ամիսներին գովազդային ԾԱ-ի մասնաբաժինը կազմել է հայտնաբերված բոլոր սպառնալիքների 34,8%-ը, հայտնաբերվել է 307 529 վնասաբեր տեղադրման փաթեթ, որոնցից 57 601 փաթեթը բջջային բանկային տրոյացիներ էին, 1 767-ը՝ բջջային շորթող տրոյացիներ։

«Կասպերսկի»-ի փորձագետները պարզաբանում են, որ Android-ի համար նախատեսված վնասաբեր և անցանկալի ԾԱ-ի հայտնաբերված նմուշների թիվը նվազել է 2023-ի չորրորդ եռամսյակում և կրկին աճել 2024-ի առաջին եռամսյակում։ 2022-ի չորրորդ եռամսյակում վնասաբեր տեղադրման փաթեթների քանակի նկատելի անկումից հետո՝ կապված Trojan-Dropper.AndroidOS.Ingopack-ի ակտիվության նվազման հետ, 2023-ի առաջին եռամսյակում գրանցվել է վնասաբեր ԾԱ-ի նոր նմուշների փոքր աճ։

Միևնույն ժամանակ, բանկային տրոյացիների նոր եզակի տեղադրման փաթեթների քանակը մնում է ցածր մակարդակի վրա, այնուամենայնիվ, Trojan-Banker-ների գրոհների ընդհանուր թիվը 2024 թվականի առաջին եռամսյակում շարունակել է աճել։ Նաև, 2023-ի չորրորդ եռամսյակում տեղի ունեցած աճից հետո, որը պայմանավորվել է Rasket ընտանիքի մեծ թվով շորթող ծրագրերի հայտնվելով, շորթիչների տեղադրման փաթեթների քանակը վերադարձել է սովորական մակարդակ՝ Rasket-ի ակտիվության նվազման ֆոնին։  

 

Լրահոս

Դիտել ավելին