«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր հարեւան Վրաստանում: Որոշ վերլուծաբանների կարծիքով, այդ իրադարձությունների ելքն այս կամ այն կերպ ազդելու է ողջ տարածաշրջանի եւ, մասնավորապես` Հայաստանի վրա: Իրենք` վրացիները, համաձայն չեն այն «սեւ-սպիտակի» գնահատականների հետ, որ իրենց երկրում տեղի ունեցող իրադարձություններին տալիս են դրսից իրենց հետեւողները: Ասում են, որ իրենց համար չկա նման դիլեմա` Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Ո՛չ Իվանիշվիլու մնալն է նշանակելու Եվրոպայից դարձ դեպի Ռուսաստան, ո՛չ գնալն է նշանակելու` ամուր փարված մնալ Եվրոպային, մերժելով Ռուսաստանը:
Այն բոլոր վրացիները, որոնց հետ հաջողվեց շփվել եռօրյա այցելությանս ժամանակ, շատ պրագմատիկ գնահատականներ էին տալիս իրենց իշխանություններին, ընդդիմությանը եւ Վրաստանում կատարվող իրադարձությունների հեռանկարում ոչ մի կատաստրոֆիկ բան չէին տեսնում: Ասում էին` այո, «Վրացական երազանքը», ամենայն հավանականությամբ, մեծամասնություն կկազմի, այո` Արեւմուտքն ամեն ինչ անում է դա խափանելու համար, բայց մենք մեր շահերից ենք ելնում եւ հասկացել ենք, որ Եվրոպան եդեմական աշխարհ չէ, Ռուսաստանն էլ այն հրեշը չէ, որից խուսափելու համար պետք է գնալ խելահեղ առճակատման:
Եկել է սթափության, վերարժեւորման, բոլոր գործընկերների հետ աշխատելու եւ մեր երկիրը ցնցումներից զերծ պահելու ժամանակը: Եվ դա անկեղծ հիացմունք էր պատճառում ինձ: Իհարկե, կան նաեւ ծայրահեղական տրամադրված շերտեր: Օրինակ, 40-ից բարձր մարդկանց համար կարեւորն Աբխազիան է` մեր կորցրած տարածքները հետ բերելը, իսկ մինչեւ 40 տարիքի երիտասարդները դեպի Եվրոպա են ձգտում, բայց ասում էին, որ իրենք կկարողանան սերունդների հաշտեցման բանաձեւը գտնել եւ խելամիտ իշխանություն ձեւավորել»: