ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «EdTech Lithuania» ընկերության նախագահ Յուրգիտա Յարուշևիչիենեի հետ:
Հանդիպման առանցքում Հայաստանի և Լիտվայի կրթական համակարգերում իրականացվող բարեփոխումների, մարտահրավերների, ձեռքբերումների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումն էր:
«Մենք շատ կարևորում ենք եվրոպական փորձի ներդրումն ու փոխանակումը, նոր մոտեցումների յուրացումը թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության, թե՛ մշակույթի ու երիտասարդության ոլորտներում»,- ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«EdTech Lithuania» ընկերության նախագահ Յուրգիտա Յարուշևիչիենեն ներկայացրել է Լիտվայի կրթական համակարգը, որի համատեքստում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ուսումնական նյութերի ձևավորման և տպագրման գործընթացին, դպրոցներում սոցիալական աշխատանքներ իրականացնելու, կամավորությունը զարգացնելու, համայնքների հետ աշխատելու անհրաժեշտությանը, ինչպես նաև կրեդիտային համակարգի ներդրման առանձնահատկություններին և կրթություն-աշխատաշուկա կապին:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է լիտվական փորձի ուսումնասիրումը և, ըստ անհրաժեշտության, դրա կիրառումը ՀՀ կրթական համակարգում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: