Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության հետ

27 Մարտ, 2024 11:51
ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության հետ

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Դանիայի՝ որպես Հայաստանի հուսալի գործընկերոջ հետ համակողմանի կապերի զարգացումը: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ, որոնք լավ հիմք են մեր երկրների միջեւ բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար»:

Հակոբ Արշակյանն ընդգծել է երկուստեք միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը. «Կարևորում եմ մեր խորհրդարանականների միջև անձնական փոխգործակցության ակտիվացումը: Այս ամսվա սկզբին Ազգային ժողովը հյուրընկալեց Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Այցը հիանալի հնարավորություն ընձեռեց անձամբ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ տեղում ծանոթանալու իրավիճակին»:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Դանիայի հետ համագործակցության առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն և համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Դանիայի պատվիրակությունն իր հերթին աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու անկախությանը:

Կողմերը կարեւորել են խորհրդարանների միջեւ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները և համագործակցությունը կշարունակվեն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման:

Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին