Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը (լուսանկարներ)

25 Մարտ, 2024 13:09
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը (լուսանկարներ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը:

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը և ընդգծել երկու երկրների միջև փոխայցելությունների եւ անձնական շփումների դրական դինամիկան:

«Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է, և այս առումով ես պետք է շեշտեմ Միացյալ Թագավորության դերն ինստիտուցիոնալ ձեւավորման խթանման եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման և տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացը:

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը տարածաշրջանում միջազգային իրավունքի պահպանման և խթանման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին