Կարևոր իրադարձություններ

Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը` միտված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը. Արարատ Միրզոյան

23 Մարտ, 2024 17:03
Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը` միտված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը. Արարատ Միրզոյան

Ուրուգվայ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններին, դրանց պատմական կապերին, երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին, Մոնտեվիդեոյում ՀՀ, իսկ ավելի վաղ Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանության բացման միջոցով երկու բարեկամ երկրների միջև գործընկերությանը նոր խթան հաղորդելու մտադրություններին:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները:

Որպես խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասների մասին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի, այդ թվում նաև՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրմանը:

«Այսօր մենք առաջ ենք մղում խաղաղության օրակարգը` միտված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում մեզ համար առանցքային են տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը, ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանությունը։ Այս մոտեցումը միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին, և միջազգային հանրության, մեր գործընկերների կողմից դրան աջակցությունը չափազանց կարևոր է։

Եվ այս կարևորությունն ընդգծվում է հատկապես ներկայիս պայմաններում, երբ ձևավորված միջազգային իրավակարգը շատերի կարծիքով չի գործում, ուստի միջազգային հարաբերությունների հիմքում դրված՝ իմ կողմից նշված առանցքային սկզբունքների, միջազգային իրավունքի պաշտպանությունը կարող է ձևավորել անհրաժեշտ միջավայրը, որի կարիքը մեր տարածաշրջանում մեծապես զգացվում է»,-ասել է Արարատ Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին