Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է տեսնել շոշափելի արդյունքներ. Արարատ Միրզոյան

09 Մարտ, 2024 15:48
Ժամանակն է տեսնել շոշափելի արդյունքներ. Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որում ասվում է.

«Խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանայի սա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսում ենք երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են, մի իրավիճակ, որում մեզ առաջնորդում են լիովին այլ զգացողություններ։

Մենք աջակցություն տրամադրեցինք ի սրտե, քանզի գիտեք՝ մենք ինքներս տեսել ենք ավերիչ երկրաշարժի արհավիրքը Հայաստանի հյուսիսում, և այն ժամանակ աջակցության մի մասը Հայաստան հասավ Թուրքիայի հետ սահմանով, ուստի այս անգամ էլ սահմանը բացվեց մեր ուղարկած փրկարարների, մարդասիրական աջակցության համար։

Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա գիտեք, որ մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարարկան մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։ Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օր.՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ ու Թուրքիայի քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օր.՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է տեղում տեսնել շոշափելի արդյունքներ։
 
Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն, կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին»:
 

Լրահոս

Դիտել ավելին