«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շուտով կլրանա Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարին, սակայն դեռ հստակ չէ, թե իրադարձություններն ինչ ուղղությամբ կզարգանան։ Ներկա պահին Ուկրաինայի հակահարձակման մասին ուղղակի խոսք լինել չի կարող, քանի որ ուկրաինական կողմն անցել է պաշտպանության, որպեսզի ռուսական զինված ուժերը նոր առաջխաղացում չապահովեն։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմն ամրացնում է պաշտպանությունը այն տարածքներում, որոնք գրավել է Ուկրաինայից։ Եվ, մեծ հաշվով, հակամարտության հետագա ընթացքը կախված է նրանից, թե առաջին հերթին ԱՄՆ-ը, ապա նաև եվրոպական երկրներն ինչ չափի ռազմական օգնություն կտրամադրեն Ուկրաինային։ Բայց ԱՄՆ-ում հանրապետականները, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, դեռևս հակված չեն համաձայնություն տալ Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում՝ պահանջելով, որ ներկա վարչակարգն առաջին հերթին լուծի իրենց երկիր մուտք գործող անօրինական միգրանտների խնդիրը։ Ու այս պայմաններում Եվրոպայում սկսել են գիտակցել, որ պետք չէ միշտ հույսը դնել նրա վրա, որ ԱՄՆ-ը կապահովի իրենց անվտանգությունը։
Թուրքիան ձգտում է իր հարաբերությունները կարգավորել նաև այն արաբական պետությունների հետ, որոնց հետ նախկինում լարված հարաբերություններ ուներ։ Իսկ այս հարցում Անկարան օգտագործում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Էրդողանը հանդես է գալիս պաղեստինցի ժողովրդի պաշտպանության դիրքերից ու դրա հիմքի վրա պայմաններ է ստեղծում արաբական երկրներին իր կողմը գրավելու համար։ Այդպիսով Թուրքիան ցանկանում է նաև Պարսից ծոցի արաբական երկրներից՝ մասնավորապես Քաթարից, Սաուդյան Արաբիայից ու ԱՄԷից ներդրումներ բերել։
Իսկ վերջերս էլ Էրդողանը շրջադարձային այց կատարեց Եգիպտոս, որի ընթացքում կողմերը ստորագրեցին երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստերի կարգավորման համատեղ հռչակագիր։ Հանդիպման ժամանակ խոսք եղավ նաև այն մասին, որ Թուրքիան կհամագործակցի Եգիպտոսի հետ Գազայի հատվածի վերակառուցման հարցում։ Բայց, չնայած Էրդողանի հակաիսրայելական քարոզչությանը, Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթը մատակարարվում է դեպի Իսրայել։ Փաստացի, Անկարան երկդիմի խաղ է վարում՝ օգտվելով բոլոր կոնֆլիկտներից։ Մյուս կողմից էլ՝ Անկարան առաջ է մղում համաթուրքական կամ պանթուրքական օրակարգը։ Դրանով է պայմանավորված, որ Թուրքիայից Ադրբեջանին աջակցելու մասին անընդմեջ հայտարարություններ են հնչում։
Թյուրքալեզու աշխարհի միավորման միջոցով Թուրքիան փորձում է դառնալ աշխարհաքաղաքական խոշոր խաղացող, բայց դրա համար Անկարային նախևառաջ անհրաժեշտ է կյանքի կոչել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պլանը։ Ու այդ ճանապարհին թուրք-ադրբեջանական տանդեմին անհրաժեշտ է «լեզու գտնել» Հայաստանի, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունների հետ: Հասկանալի է, որ իր պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու արդյունքում Թուրքիան ավելի է հզորանալու՝ նոր գլխացավանք դառնալով Արևմուտքի ու հատկապես Եվրոպայի համար, բայց Եվրոպայում դեռևս ամբողջ խորությամբ չեն գիտակցում թուրքական վտանգի աստիճանը։ Եվրոպայից ուղերձներ են հնչում, որ իրենք դեմ են Ադրբեջանի ռազմական ագրեսիային ու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, բայց թողնում են, որ մի շարք եվրոպական երկրներից՝ մասնավորապես Սերբիայից ու Բուլղարիայից Ադրբեջանը սպառազինություններ ներկրի։ Այսինքն, եվրոպական պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն ընդամենը դեկլարատիվ բնույթ են կրում»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: