Կարևոր իրադարձություններ

Վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները. Գրիգորի Մարտիրոսյան

28 Մայիս, 2021 10:44
Հեղինակ՝ Գրիգորի Մարտիրոսյան
Վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները. Գրիգորի Մարտիրոսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ.

Սույն թվականի հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները:
Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս:

Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ` ի նպաստ մեր երկրի ապագայի:

Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, ում հետ աշխատելու բախտ է վիճակվել: Շնորհակալ եմ պետական նախարարի աշխատակազմի և ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար:

Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից:

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում:
Խոնարհվում եմ նահատակված մեր հերոսների անմար հիշատակի առջև։
Աստված պահապան մեր ժողովրդին»:

 

Լրահոս

Դիտել ավելին