Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ. Անհրաժեշտ է ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքար մղել

15 Հոկտեմբեր, 2015 19:35
ԱԳՆ. Անհրաժեշտ է ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքար մղել

Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երեւույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը։ Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մասնակցելով Աստանայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավել փաստաթղթերի նախագծերի:

Նիստի ընթացքում համաձայնեցվեցին նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ, քննչական, արտակարգ իրավիճակների, անչափահասների իրավունքների պաշտպանության, մշակութային եւ կրթական բնագավառներում փոխգործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:

ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության արժանացրին Չերնոբիլի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։

Ելույթ ունենալով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադարձավ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։ Նա կարեւորեց ՄԱԿ-ի առաջնորդող դերը աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում։ Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին հավատարմության մասին։ «Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, դրանց սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱԳՆ ղեկավարը խոսեց նաեւ ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին. «Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երեւույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին