Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Երևան և Մոսկվա քաղաքների զբոսաշրջային համագործակցության հեռանկարները

22 Դեկտեմբեր, 2017 17:10
Քննարկվել են Երևան և Մոսկվա քաղաքների զբոսաշրջային համագործակցության հեռանկարները

«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Երևանի և Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Կլոր սեղանը նախագահել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Մոսկվայի արդյունաբերական պալատի զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության գործունեության կոմիտեի նախագահ Սերգեյ Աբրահամովը։ Զեկույցներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Մոսկվայի սպորտի և զբոսաշրջության դեպարտամենտի հյուրանոցային տնտեսության վարչության ղեկավար Ալեքսեյ Տիխնենկոն, ինչպես նաև զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա են գտնվել հայկական «Արմենիա Թրավել+Մ», «Իվենթս Սոլյուշնս և Ինսենտիվս-ԴՄՍ Արմենիա», «Տուր Դելիս», «Գո2Արմենիա», «Արմանե», «Օդակ գրուպ», «Երևան Թրավել» ընկերությունները, ինչպես նաև ռուսական զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները:

«Քաղաքային տուրիզմի զարգացման ժամանակակից միտումներից ելնելով՝ մենք Երևանում զարգացրել ենք միջոցառումային զբոսաշրջությունը, ռուսական շուկային առաջարկում ենք Երևանի վերաբերյալ փաթեթները կազմելիս հաշվի առնել սեզոնային և փառատոնային առանձնահատկությունները։ Երևանը շատ հետաքրքիր է ռուս զբոսաշրջիկի համար հատկապես մարտի 8-ին, մայիսյան տոներին»,-նշել է Մարիա Բարաղամյանը և օգտվելով առիթից՝ բոլորին հրավիրել հաջորդ տարի այցելել Երևան՝ մասնակցելու քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին: 

Ներկայացնելով Երևանի զբոսաշրջային ներուժը՝ Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ընդգծել է Երևանի մատչելի և կարճատև արձակուրդների համար հրաշալի ուղղություն լինելու փաստը և մասնավորապես նշել. «Քաղաքը արագորեն զարգանում է՝ ձգտելով համապատասխանել աշխարհի լավագույն զբոսաշրջային դեստինացիաներին: Մենք կարևորում ենք ռուսական շուկան և աշխատում ենք էլ ավելի խթանել զբոսաշրջիկների հոսքի ավելացումը»: 
Կոնֆերանսի ավարտին երկու կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր եզրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին